Ստարտափ գաղափարի նորարարությունը. Ամարանտի մշակություն որպես այլընտրանքային մշակաբույս՝ չօգտագործվող սակավաջուր, ինչպես նաև աղակալած հողատարածքներում աճեցնելու համար։
AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «ԱրմԵրազԱմարանտ» ստարտափ նախագծի ղեկավար՝ Երազիկ Ալավերդյանի հետ:
AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն
- ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon2-ի Ինկուբացիաների մեր մասնակցության շնորհիվ մենք ստացանք նոր գիտելիքներ ու կարևոր հմտություններ, ինչպես նաև ձեռք բերեցինք նոր կապեր, նոր գաղափարակիցներ։
Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.
- Մեր համայնքում, ինչպես նաև Հայաստանի այլ վայրերում բերրի հողերի ահռելի տարածքներ ոռոգման խնդրի պատճառով չեն մշակվում։ Ինչպես նաև Հայաստանում ունենք աղակալված հողակտորներ, որտեղ հիմնականում մշակաբույսեր չեն աճեցվում։ Դա ինձ և իմ թիմին դրդեց մտածել նոր լուծումներ գտնելու ուղղությամբ։ Ուսումնասիրելով տարբեր մշակաբույսերի մշակության առանձնահատկությունները, մեր թիմը եկավ այն եզրակացության, որ այլ մշակաբույսերի համեմատ, ամարանտի մշակությունը կիսով չափ ավելի քիչ ջուր է պահանջում և ունի բարձր բերքատվություն:
- Ամարանտը միանգամայն յուրահատուկ բուժիչ և դեկորատիվ միամյա բույս է, որի հայրենիքը Հարավային Ամերիկան և Աֆրիկան է։ Այդ երկրներում ամարանտն աճեցնում են որպես հացահատիկային մշակաբույս՝ դրանից ալյուր են ստանում, հաց են թխում ու տարբեր հրուշակեղեն պատրաստում։ Մեր կողմից առաջարկվող փորձնական արտադրությունը նախատեսված է օգտագործել ամարանտը որպես անասնակեր։
- Տնտեսության զարգացմանը զուգընթաց կարող ենք մտածել նաև այլ արտադրատեսակներ ստանալու մասին։ Օրինակ, բացի նրանից, որ ամարանտի ցողուններն ու տերեւներն օգտագործվում են որպես առողջարար ու սննդարար անասնակեր, ամարանտի յուղը լայնորեն կիրառվում է ինչպես սննդի արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ։ Մենք նույնպես պլանավորում ենք հետագայում ամարանտի յուղի արտադրության մշակույթը ներդնել Հայաստանում։
- Ամարանտը երաշտադիմացկուն բույս է և, անբարենպաստ եղականակային պայմաններում, կարող է դառնալ իսկական փրկություն Հայաստանի ֆերմերների համար: Բարձր բերքատվության շնորհիվ, ամարանտն ունի գնային առավելություն՝ այլ կերային մշակաբույսերի համեմատ։ Ֆերմերային փոքր տնտեսություններ վարողների շրջանում սա կարող է մատչելի տարբերակ լինել՝ կենդանիների կերային ռացիոնում ավելացնելու համար։
- Այդպիսով, ամարանտը կարող է օգտագործվել որպես այլընտրանքային մշակաբույս՝ հնարավորություն տալով ֆերմերներին ստանալ հավելյալ եկամուտ և զբաղվել մասնագիտացված գյուղատնտեսությամբ։
Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը
- Պրոդուկտի ստացման ժամանակաշրջանը ապրիլից-դեկտեմբեր է։
- Շտապում ենք ձեզ տեղեկացնել, որ մեր թիմը ամարանտի մշակության փորձարկումներ է սկսել Հայաստանի տարբեր մարզերում՝ փոքր հողակտորների վրա։ Այս տարի մենք արդեն ընդհանուր հաշվով շուրջ 5 հա ամարանտ ենք ցանել և այժմ գտնվում ենք մշակության փուլում։ Մեր կողմից հավաքագրվող տվյալները թույլ կտան ունենալ համեմատական վերլուծություն, որի շնորհիվ կհասկանանք, թե որ մարզում/տարածաշրջանում ինչպես է դրսևորվում բույսի վեգետացիան ու բերքատվությունը։
- 2023 թվականին կկարողանանք փաստարկված տվյալներով մշակություն իրականացնել և խորհրդատվություն տրամադրել այլ ֆերմերային տնտեսություններին։
- Սեպտեմբերի կեսերից կհնձենք, կվերամշակենք բերքը և արդեն նոյեմբերի վերջին, կամ դեկտեմբերի սկզբին կունենանք պատրաստի արտադրանք:
- Թեև արտադրանքը նորարարական է լինելու շուկայի համար, այդուհանդերձ մենք արդեն ձևավորել ենք նախանական սպառողների շրջանակ, որոնց հետ աշխատում ենք մշակաբույսի կիրառման արդյունքում կենդանիների վրա ունեցած դրական ազդեցությունը գնահատելու ուղղությամբ։
Թիմի անդամներ՝ Երազիկ Ալավերդյան (թիմի համակարգող), Արմինե Պողոսյան, Սիլվիա Սարգսյան, Ատոմ Տիգրանյան, Վարդան Հակոբյան, Շիրակ Արշակյան:
Ստարտափի գործունեության հասցե՝ Արմավիր մարզի Արաքս համայնք և Սյունիք մարզի Խոյ համայնք:
*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։
#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID