Թեմա՝ Ծիրանի կտի ծլեցրած միջուկի կիրառմամբ կաթնային շոկոլադի մշակում
Ուսանող՝ Անահիտ Մանուկյան, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Պարենամթերքի փորձաքննություն, ստանդարացում և սերտիֆիկացում բաժին։
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու, ՀԱԱՀ-ի ուսանող Անահիտ Մանուկյանը երազում է դառնալ իսկական գիտնական և ստեղծել մարդկանց համար առողջարար նոր մթերքներ։
Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։
- Ծիրանի կորիզի միջուկով շոկոլադի մշակման մասին գաղափարը ծնվել էր դեռ ամիսներ առաջ, երբ ես Բուսական ծագման մթերքների վերամշակում առարկայից գրում էի իմ կուրսային աշխատանքը` շոկոլադ թեմայով։ Մտածեցի, որ կարելի է ստեղծել ծիրանի կորիզի միջուկով շոկոլադ, որը դեռ գոյություն չունի շուկայում։ Չէ՞ որ դա նաև թույլ կտար առողջարար ծիրանի կորիզի միջուկի օգտագործումը դարձնել տնտեսապես շահավետ։ Այդ միտքն ինձ շատ էր ոգևորել։
- Երբ տեսա ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի «Հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ ՀԱԱՀ ուսանողների համար» հայտարարությունը, որոշեցի դիմել ու կյանքի կոչել իմ գաղափարը։ Ղեկավարիս՝ Նարինե Հովհաննիսյանի հետ երկար աշխատեցինք։ Կարծիք կար, որ ծլեցրած վիճակում ծիրանի միջուկը շատ ավելի հարուստ է վիտամիններով ու հանքային նյութերով։ Այդպիսով առաջացավ «Ծիրանի կտի ծլեցրած միջուկի կիրառմամբ կաթնային շոկոլադի մշակում» թեման, որով դիմեցի մրցույթին։
- Դրամաշնորհ ստանալուց հետո սկսվեց իմ հետազոտական աշխատանքը։ Միջուկները ծլեցրեցի մոտավորապես 1 սմ: Պատրաստեցի առաջին նմուշ շոկոլադը, ինչպես նախատեսված էր նախնական տեխնոլոգիական սխեմայով, այնուհետև կատարեցի և՛ օրգանոլեպտիկ, և՛ լաբորատոր հետազոտություններ, որոնք հաստատեցին ծլեցրած միջուկի օգտակարությունը:
Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները:
- Սկզբնական շրջանում կարծում էի, թե ընդամենը փոքրիկ հետաազոտական աշխատանք եմ իրականացնում: Սակայն հետազոտության ընթացքում լաբորատոր արդյունքներից պարզ դարձավ, որ իմ կատարած աշխատանքը համարվում է լուրջ գիտական հետազոտություն:
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։
- ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի շրջանակում ստացած և՛ դրամաշնորհը, և՛ կատարած հետազոտական աշխատանքը, և՛ տպագրվելիք հոդվածները իմ առաջին քայլերն են դեպի մեծ գիտություն: Հիմա ես երիտասարդ գիտնական եմ և իմ ստացած փորձառության շնորհիվ արդեն կարող եմ ինքնուրույն հարթել իմ ճանապարհը:
Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։
- Դեռևս լինելով ուսանող, չունեի համապատասխան փորձ: Գիտական միջավայրի մեծ ազդեցությունն ինձ վրա ակնհայտ է։ Նախևառաջ մտածելակերպս է փոխվել։ Ամեն վայրկյան մտածում եմ, թե ի՞նչ նոր բան կարելի է ստեղծել, որը օգտակար կլինի մարդկանց։ Գիտական միջավայրում գտնվելն ինձ օգնում է մշակել առողջ սննդամթերքի տեխնալոգիաներ, որոնց կարիքը շատ մեծ է։
- Փորձառու գիտնականների հետ ընդամենը չորս ամիս աշխատելու արդյունքում ստեղծվեց ծլեցրած ծիրանի կորիզի իմ նոր գյուտը, ինչպես նաև երկու այլ նոր գաղափարներ, որոնք թեև դեռ վաղ հետազոտության փուլում են, բայց կարծում եմ նոր հայտնագործություններ դառնալու մեծ հավանականություն ունեն։
- Այս կարճ ժամանակահատվածում ձեռքբերված իմ հաջողությունների մեջ մեծ դեր ունի իմ գիտական ղեկավարը։ Բացի այդ, իմ գիտական գործունեության վրա լուրջ ազդեցություն է ունեցել հավատարմագրված լաբորատորիաների հետ համագործակցելու ինձ ընձեռնված հնարավորությունը։
Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։
- Ուզում եմ հավատալ, որ իմ երկու գիտական հոդվածներ հրապարակումը և հետազոտության հաջող ավարտը իմ կարիերայի առաջին քայլերն են, որոնք ճանապարհ կհարթեն դեպի մեծ գիտություն։
#AGRICAMP #Research_and_Development
Ղեկավար՝ Նարինե Հովհաննիսյան, տ.գ․թ․, դոցենտ, ՀԱԱՀ
ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։