Աննա Մելքոնյան՝ ՀԱԱՀ, Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաներ բաժնի, Խմորման արտադրության տեխնոլոգիաներ և գինեգործություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող
Թեմա՝ Պտղի (կարտոֆիլի) և նույն հողատարածքի վրա տեղադրված արևային կայանով էլեկտրաէներգիայի ստացման զուգակցված համակարգի, այսպես կոչված ֆոտովոլտային գյուղատնտեսության՝ APV կիրառման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Աննա Մելքոնյանի հետազոտության նպատակն է՝ արևային ֆոտովոլտային կայանի կիրառման արդյունքում ստացված կարտոֆիլի բերքատվությունը համեմատել ավանդական պայմաններում ստացված բերքի հետ և պարզել APV-ի կիրառման հեռանկարը Հայաստանի Հանրապետությունում։
Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։
- Գյուղատնտեսության համար հողային ռեսուրսների սակավությունն այսօր համարվում է մարդկության առջև ծառացած խնդիր: Մեր հանրապետությունը ևս անմասն չէ էկոլոգիական այս մարտահրավերից, ինչը պահանջում է գտնել հրատապ լուծումներ: Դրանցից մեկը համարվում է, զարգացած երկրներում արդեն մեծ կիրառություն ունեցող, ֆոտովոլտային գյուղատնտեսությունը (APV): Այն իրենից ներկայցնում է գյուղատնտեսության համատեղումը արևի էներգիայով հոսանքի ստացման հետ: Ինձ համար շատ հետաքրքիր էր ուսումնասիրել և հասկանալ, արդյո՞ք ֆոտովոլտային գյուղատնտեսութունը կարող է խոստումնալից ուղղություն հանդիսանալ Հայաստանի համար, քանի որ ՀՀ տարածքը գտնվում է արևի ճառագայթման բարձր ինտենսիվության գոտում։
- Բացի այդ, ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի ուսանողական դրամաշնորհային ծրագրի միջոցով ինձ հնարավորություն ընձեռնվեց ուսումս համատեղել գիտական աշխատանքի հետ։
- Հետազոտական աշխատանքներն իրականացվում են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մասնավոր առանձնատանը կից հողատարածքի վրա, ուր տեղադրված է արևային կայան: Արևային կայանի տակ և արևային կայանի ստվերից դուրս նույն չափի հողատարածքի վրա տնկված են Agila, Gala, Vega կարտոֆիլի սորտեր՝ նմանատիպ շարքերով ու նույն պայմաններում
Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։
- Ամենակարևորը գիտական հետազոտությունների նկատմամբ իմ պատկերացումների ու վերաբերմունքի փոփոխությունն է: Սա իմ առաջին հետազոտական փորձն է։ Նախկինում ես գիտական հետազոտություններով զբաղվելն ընկալում էի որպես պարզ, մակերեսային և արագ իրականացվող մի աշխատանք: Սակայն փորձը ցույց տվեց, որ այն պահանջում է հանդարտ, խորը, բարդ և հետևողական մտավոր ու գործնական ջանքեր:
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։
- Հետազոտության ընթացքում ես, նախ, գիտելիքներ ստացա կարտոֆիլի մշակաբույսի տեսակների, տնկման, վեգետացիայի, հիվանդությունների ու դրանց դեմ պայքարի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրեցի գյուղատնտնեսության մեջ այլընտրանքային, մասնավորոպես՝ արևային էներգիայի կիրառման հնարավորությունները։
- Բացի այդ, ձեռք բերեցի գործնական փորձ, քանի որ անձամբ մասնակցեցի հողի մշակման և կարտոֆիլի տնկման աշխատանքներին։
Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։
- Իմ համոզմամբ գիտական միջավայրը մեծապես նպաստում է հետազոտական ընթացքին։ Հատկապես կարևորում եմ իմ ղեկավարի գիտական գործունեությունն ու նրա բազմամյա փորձը արևային էներգիայի կիրառման բնագավառում, որն ինձ համար հանդիսանում է շարժիչ ուժ և աշխատանքը շատ հետաքրքիր դարձնող գործոն:
- Հետազոտությունների ընթացքում աջակցություն ենք ստանում նաև արևային կայանների պատրաստման «Solaron» ընկերության կողմից՝ ինչպես տվյալների տրամադրման, այնպեսև այլ բնույթի աշխատանքների և ծառայությունների տեսքով:
- Հետազոտության համար անհրաժեշտ կարտոֆիլի անալիզների հարցում մեզ օժանդակել է «Standard Dialog» ընկերությունը, որի հետ համագործակցությունը, հուսով են, կլինի շարունակական:
Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։
- Հետազոտության հաջող ավարտը թույլ կտա ինձ հստակեցնել իմ հետագա անելիքները, կողմնորոշվել մասնագիտական կարիերայի առումով։
- Բացի այդ սա ինձ համար հրաշալի հնարավորություն է՝ հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրահանգումներ անելու, գիտական մտքեր շարադրելու, գիտական հոդվածներ գրելու հմտություններ ձևավորելու համար:
Ղեկավար՝ տ.գ.թ. Արուսյակ Հակոբյան, դոցենտ, ՀԱԱՀ
ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։
#AGRICAMP #Research_and_Development