#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP
Նախագծի անվանում՝ ԷկոԻնտԱգրո
Թիմի անդամներ՝ Վարդան Քառյան (թիմի ղեկավար), ԼիլիթԱրշակյան, ԴավիթԱրշակյան, Ռաֆայել Կոստանյան, Արամ Տոնոյան
Լոռու մարզ, Ալավերդի համայնք, գյուղ Ծաղկաշատ
+37455270383 , VHKaryan@gmail.com
ԷկոԻնտԱգրո
Վերջերս «ԷկոԻնտԱգրո» թիմը դարձավ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon* մրցույթի Ինկուբացիայի առաջին փուլի 15 հաղթողներից մեկը։ «AgriThon-ի շնորհիվ մեր ներկայացված գաղափարը հղկվեց, դառնալով բիզնես նախագիծ», - պատասխանելով մեր հարցերին ասաց թիմի ղեկավար Վարդան Քառյանը: Ստորև ներկայացնում ենք նախագածի վերաբերյալ Վարդան Քառյանի ներկայացրած մանրամասները.
- ԷկոԻնտԱգրո նախագիծը առաջին հերթին հանրայնացնում է ագրոէկոլոգիական մոտեցումները և ներդնում է ժամանակակից լուծումներ ագրոէկոլոգիական գյուղատնտեսության մեջ, ելնելով սեփական փորձից:
- Ագրոէկոլոգիական գյուղատնտեսությունը հատկապես շահեկան կարող է լինել փոքր ֆերմերային տնտեսությունների համար, որոնք կազմում են Հայաստանի գյուղատնտեսության հիմնական մասը: Բացի այդ Ագրոէկոլոգիական գյուղատնտեսությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ և՛ սննդային անվտանգության խնդրի լուծման վրա, և՛ գլոբալ եղանակային փոփոխությունների խնդրի լուծման վրա:
- ԷկոԻնտԱգրո նախագիծը ագրոէկոլոգիական լուծումներով գյուղատնտեսական ինքնաբավ համալիր է, որը վերահսկվում և կառավարվում է ինտեգրված նորագույն տեխնոլոգիական լուծումներով և թվային տեխնոլոգիաներով: Այս համակարգում կենդանիների և բույսերի համար ապահովվում են միջավայրի հնարավորինս բարենպաստ պայմաններ և այդ պայմանները վերահսկվում են հատուկ սենսորների միջոցով: Սենսորները միջավայրի մասին տեղեկության ազդակները ուղարկում են համակարգչային ծրագրին, որն էլ նախորոք մշակված ծրագրով ապահովում է անհրաժեշտ պայմաններ՝ միացնելով կամ անջատելով ոռոգման և օդափոխության համակարգերը:
- Համաձայն ագրոէկոլոգիական մոտեցումների, համակարգի բոլոր բաղադրիչները փոխկապակցված են և փակոււմ են սննդային շղթան: Առաջարկվում է անասնագոմ/բնի հատուկ ձև, որը առավել արդյունավետ կապահովի բնական օդափոխությունը:
- Համակարգի բաղադրիչներից է լինելու նաև ակվապոնիկ համակարգը, որը հանդիսանալու է ջրի պահեստ և միաժամանակ կատարելու է անասնակերի արտադրության ֆունկցիա:
- Ակվապոնիկ համակարգի բույսերը աճելու են գմբեթաձև ջերմոցների մեջ: Գմբեթաձև ջերմոցները ապահովում են արևային էներգիայի առավել արդյունավետ օգտագործում և լավագույն օդափոխություն:
- Բաց դաշտում աճեցվող մշակաբույսերի համար կիրառվելու է cover crop համատեղ աճեցման տեխնիկան:
- Ոռոգումը իրականացվելու է կաթիլային և ցողելու եղանակով:
Ըստ թիմի ղեկավարի, համակարգի բաղադրիչներից է լինելու նաև սնկի արտադրամասը, որտեղ միջավայրի անհրաժեշտ պայմանները ապահովվելու է տեխնոլոգիական լուծումների և համակարգչային ծրագրի միջոցով: «Մեծ ուշադրություն է դարձվելու գոմաղբի և բուսական մնացորդների կոմպոստացմանը: Ամբողջ համակարգը գործելու է որպես մեկ ամբողջություն` բաղադրիչների միջև ստեղծված սիներգիաների և տեխնիկատեխնոլոգիական կառավարման համակարգի շնորհիվ», - ավելացրեց թիմի ղեկավարը:
Թիմը նախատեսում է նաև ստեղծել բջջային հավելված, որը հնարավորություն կտա ցանկացած հեռավորությունից վերահսկել և կառավարել ամբողջ համակարգը: Համակարգի աշխատանքի համար կկիրառվեն արևային և գեոթերմալ էներգիաները: «Ամբողջ համակարգը ինքնաբավ է, դրսից ներմուծվող սննդանյութերի քանակը հասցվում է նվազագույնի, իսկ արտադրանքի արժեքը բավարարում է ներքին ծախսերը հոգալու համար», - նկատեց Վարդան Քառյանը և շարունակեց. – «ԷկոԻնտԱգրո նախագիծը պետք է ծառայի որպես էտալոնային համակարգ և ավելի շատ պետք է ունենա ուսուցողական/ճանաչողական գործառույթ: Նախագծի նպատակն է գյուղացիական տնտեսություններին ներկայացնել համալիրում կիրառված լուծումները և նմանատիպ տեխնոլոգիաներ ու լուծումներ կիրառելով կառուցել ֆերմաներ հաճախորդների համար»:
Թիմի անդամները կարծում են, որ ֆինանսավորման դեպքում հնարավոր է ամբողջ համալիրը կառուցել և գործարկել մեկ տարում:
ԷկոԻնտԱգրո համակարգի արտադրած սնունդը կլինի էկոլոգիապես մաքուր, որակյալ և «ամենայն հավանականությամբ ավելի մատչելի»:
“Մեր ուժեղ կողմը համարում եմ թիմի անդամների փորձառությունը և մասնագիտական ունակությունները: Տեխնիկապես լավ ենք պատկերացնում, թե ինչ ենք ուզում ստանալ արդյունքում և ինչպես ենք դա անելու”, - ասաց թիմի ղեկավարը:
*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։