Աննա Պետրոսյան՝ ՀԱԱՀ, Ագրոնոմիական ֆակուլտետ, մագիստրատուրա
Թեմա՝ Կարտոֆիլի տնկանյութի աճեցման պրոցեսում լույսի գործոնի ազդեցությունը in vitro բուսակների աճի ու զարգացման գործընթացների վրա ֆիտոտրոնի պայմաններում
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Աննա Պետրոսյանի հետազոտության նպատակն է՝ գտնել ֆիտոտրոնային միջավայրում լուսային գործոնի բաղադրիչների լավագույն չափաքանակները՝ արտադրական գործընթացում ներդնելու համար։
Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։
- Կարտոֆիլը (Solanum tuberosum L.) ՀՀ-ում մշակվող գլխավոր գյուղատնտեսական մշակաբույսերից է, որի ցանքատարածությունները վերջին տարիներին զգալիորեն աճել են։ In vitro կենսատեխնոլոգիական մեթոդը հնարավորություն է տալիս ապահովել անհրաժեշտ արդյունք՝ ավելի սեղմ ժամկետներում: Սակայն հաշվի առնելով ֆիտոտրոնային միջավայրում լուսային գործոնի բաղադրիչների բազմազանությունն ու դրանց ազդեցությունը, հետազոտության միջոցով կփորձենք հասկանալ, թե բաղադրիչների տարբեր չափաքանակներն ինչպես կազդեն վերջնարդյունքի վրա, եւ որն է դրանցից լավագույնը՝ արտադրական գործընթացում ներդնելու համար։
Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։
- In vitro բազմացման առավելությունների վերաբերյալ ես ունեի տեսական որոշակի գիտելիքներ և պատկերացում։ Հետազոտության իրականացումը թույլ տվեց գործնականում համոզվել, որ in vitro բազմացումն իսկապես լավագույն տարբերակն է ժամանակ խնայելու համար: Բացի այդ, in vitro բազմացումն ապահովում է արտադրական ավելի բարձրարժեք բերք, քանի որ բուսակների ստացման գործընթացում հնարավոր է դառնում առավելագույնս խուսափել պաթոգենների եւ վիրուսների առկայությունից:
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։
- Այս հետազոտությունը, որի իրականացումը հնարավոր դարձավ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շնորհիվ, ինձ համար նոր հնարավորությունների բացահայտման կարևոր փուլ է։ Սովորելու ընթանում, սովորաբար, ձեռք ես բերում հիմնականում տեսական գիտելիքներ, որոնց հիման վրա ձևավորվում են կարծրատիպեր։ Գործնական աշխատանք կատարելիս հերքվում կամ հաստատվում են ունեցածդ համոզնունքները։ Հետազոտական ծրագիրը ևս մեկ քայլ է՝ իմ գիտական գործունեության ընդլայնման ճանապարհին:
Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։
- Գիտկենտրոնը զգալի խթան է որակյալ հետազոտական աշխատանք կատարելու գործում։ Կենտրոնում հետազոտողների համար ստեղծված են այնպիսի պայմաններ, որոնք օգնում են ստանալ առավել ճշգրիտ և տիպիկ արդյունքներ։ Հետազոտության շնորհիվ ես ձեռք բերեցի իրական գիտական աշխատանք կատարելու նոր փորձ, ծանոթացա լաբորատորիաների հետ համագործակցելու առանձնահատկություններին ու նրբություններին։
Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։
- Դեռևս չեմ որոշել, թե կարիերաս գիտական որ ուղղությամբ կշարունակեմ, սակայն այս հետազոտության արդյունքներն ու ձեռքբերված փորձը, կարծում եմ, կնպաստեն հետազոտության ոլորտում իմ հետագա առաջխաղացմանը։
#AGRICAMP #Research_and_Development
Ղեկավար՝ Տաթևիկ Ալոյան, ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի Գիտական Կենտրոն» մասնաճյուղի գիտաշխատող, Բուսաբուծության և Հողագիտության ամբիոնի ասիստենտ
ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։