Մեծացնելով հայկական գինու պահանջարկն ԱՄՆ-ում

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի և ԱՄՆ-ում հայկական գինի ներկրող Storica-Wine ընկերության համագործակցության արդյունքում ԱՄՆ-ից հրավիրված Waters Edge Wineries ընկերության ներկայացուցիչները ծանոթացան հայկական գինիներին։

Աշխարհում գնալով մեծանում է խաղողի էնդեմիկ տեսակներից պատրաստված գինու պահանջարկը։ Հինավուրց պատմություն ունեցող երկրների գինիները գնալով ավելի լայն տարածում են գտնում։ Շուկաների ընդյալնումը խթանելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը նոր կապեր է հաստատում միջազգային դիստրիբյուտորների հետ:

Storica-Wine-ը տարիներ շարունակ համագործակցում է Waters Edge Wineries ընկերության հետ։ Վերջինս քաղաքային գինեգործական նորարարական համակարգ է, որը ԱՄՆ-ում գինու մշակութային փորձ է տարածում: Որպես ավելի քան 20 հաստատություն տնօրինող խոշոր կազմակերպություն, Waters Edge Wineries-ը ունի ոչ միայն գինեգործական գործարաններ, այլև գործող օբյեկտներ, որտեղ անցկացվում են ընթրիքներ, հարսանիքներ, համերգներ, միջոցառումներ և այլն:

Waters Edge Wineries-ն արդեն դարձել է Հայաստանի գինիների ամենախոշոր հաճախորդներից մեկը և այժմ պատրաստվում է ԱՄՆ-ի տարբեր համայնքներին ներկայացնել հայկական գինիների հազվագյուտ հավաքածու:

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը՝ Storica-Wine-ի հետ համագործակցությամբ, 2023 թ․-ի հուլիսի 17-ից 22-ը Waters Edge Wineries-ի ներկայացուցիչ գինեգործների և գործարարների հրավիրեց Հայաստան՝ երկրին ավելի մոտիկից ծանոթանալու, ինչպես նաև հայկական ոչ շշալցված նոր գինիներ ընտրելու նպատակով։ Ընտրված գինիները շշալցվելու են ԱՄՆ-ում և վաճառվելու են WATERS EDGE WINERY and PRODUCT OF ARMENIA պիտակով:

Հայաստան ժամանելուն պես հյուրերին հրավիրեցինք ԱգրիՀԱԲ, որտեղ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի ղեկավար Լուսինե Թադևոսյանը ներկայացրեց ծրագիրը և պատմեց մանրամասներ ICARE հիմնադրամի ZYAC-ի՝ Զաբել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնի մասին: Հայաստանի խաղողի և գինու հիմնադրամի փորձագետ և EVN գինու ակադեմիայի շրջանավարտ Ամալյա Իսկանդարյանը ներկայացրեց հայկական գինեգործության հնագույն պատմությունը և երկրի գինեգործության արդի զարգացումները:

           

Արենիի քարանձավ և Հայաստանի գինու պատմության թանգարան այցելություններից հետո մասնակիցներն է՛լ ավելի տպավորվեցին հայկական գինեգործական մշակույթով և պատմությամբ։

Հայկական գինեգործության հնագույն տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները խորացնելու համար Waters Edge Wineries-ի ներկայացուցիչներն այցելեցին նաև մի քանի հայկական գինեգործարաններ, որոնք փորձում են վերականգնել և պահպանել գինեգործական հին ավանդույթները։

Այցերի օրակարգը չափազանց հագեցած էր: Ուսումնական ճամփորդությունների ընթացքում և այցելած գրեթե բոլոր վայրերում հյուրերին ներկայացվել է հայկական որակյալ գինիների մեծ տեսականի` սեղանի գինիներից մինչև ռեզերվային գինիներ: Հետաքրքիր ու տպավորիչ էին այցելությունները Ոսկեվազ և Վան Արդի գինեգործարաններ: Գինու համտեսը Հին Արենի-ի երևանյան գրասենյակում և ճանապարհորդությունը Երևանի WineWorks գինու գործարան-ինկուբատորը նոր տպավորություններ ավելացրեցին հայկական գինու բնույթի և որակի մասին: Օրակարգը նախատեսում էր նաև այցելություններ Հայաստանի հիմնական գինեգործական մարզերի՝ Վայոց Ձորի և Արագածոտնի խաղողի այգիներ: Հյուրերին բախտ վիճակվեց վայելել Վայոց ձորի մարզում գտնվող Զուլալ գինու գործարանի խաղողի այգիները, որոնք գտնվում են ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրության վրա: Նրանք եղան նաև Վայոց ձորի Նոա գինեգործարանի խաղողի գեղատեսիլ այգիներում: Նշված բոլոր այցերը հյուրերին հնարավորություն տվեցին ոչ միայն բացահայտել հայկական տերուարի յուրահատկությունները, այլև ծանոթանալ հայկական էնդեմիկ խաղողի տեսակներին և խաղողագործության մեջ կիրառվող տեխնիկային:

          

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի կազմակերպած այս այցի միակ նպատակը չէր ներկայացնել Հայաստանը որպես հինավուրց գինեգործական երկիր, որն ունի զգալի գինու ժառանգություն, մշակութային տեսարժան վայրեր և պատմություն: Այցելության մասնակիցները ծանոթացան նաև մերօրյա Հայաստանին, որն ունի գինու և գաստրո տուրիզմի մեծ ներուժ և իհարկե, դարձան հայկական տոլմայի ու գառան խորովածի մեծ սիրահար:

Այնուամենայնիվ, օրակարգն ամբողջական չէր լինի առանց Գառնի հեթանոսական տաճար և հիասքանչ Գեղարդի վանական համալիր այցելության, ինչպես նաև առանց լավաշ թխելու արարողության։ Ճանապարհորդություններից հետո վերադառնալով մայրաքաղաք, հյուրերը մինչև ուշ գիշեր հաճույքով զբոսնում էին Երևանի կենտրոնում՝ հիանալով մարդկանց բարեհամբույր վերաբերմունքով և քաղաքի անվտանգ ու ապահով մթնոլորտով։

Եզրափակելով այցը, ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը հուլիսի 20-ին կազմակերպեց գինու համտեսի միջոցառում՝ ներկայացնելով ԱՄՆ ՄԶԳ շահառու այն ընկերություններին, որոնք գինի են պատրաստում էնդեմիկ խաղողի տեսակներից: Մասնակիցների թվում էին ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի շահառուներից երկուսը՝ Միջնաբերդ Ալկո և Էկո գինեգործություն ընկերությունները, ինչպես նաև RED-NEO-ի չորս շահառու գինեգործարաններ՝ Wine & More, Մանուկյան Վայնս, Կատարո և Ջրաղացպանյան գինու գործարանը:

         

Երբ Waters Edge Wineries-ի ներկայացուցիչներին հարցրեցինք, թե ինչ կարծիք ունեն ներկայացված գինիների որակի մասին, WEW-ի գործառնությունների տնօրեն Մարկ Միցենմախերն ասաց, որ իր համար «սանդղակը տատանվում է շատ լավից մինչև գերազանց»: «Մենք լսեցինք նաև գինու ստեղծման անձնավորված պատմություններ, ինչն այն ավելի գրավիչ է դարձնում», - ասաց Մարկը:

Հյուրերի մեծ մասը երբեք չէր եղել Հայաստանում և գրեթե ոչինչ չգիտեր երկրի մասին։ Այցի վերջին օրը խմբի PR փորձագետ Ռեբեկա Ուայթ Մարոնին խոստովանեց, որ այնքան երջանիկ է, որ համաձայնել է ուղևորվել Հայաստան. «…չեմ ուզում նույնիսկ մտածել, որ կարող էի բաց թողնել իմ կյանքի լավագույն ճամփորդություններից մեկը։», - ասաց նա։

Այն, որ այցի ընթացքում միայն դրական արձագանքներ հնչեցին, միանգամայն սպասելի էր, քանի որ մեծ ջանքեր էինք գործադրել լավագույն արդյունք ստանալու համար։ Հայաստանում հյուրերի անցկացրած յոթ օրն անգամ բավական էր հայկական բարձրորակ գինիներին ծանոթանալու և այն սիրելու համար։ Waters Edge Wineries-ի ներկայացուցիչները խոստացան ԱՄՆ վերադառնալուն պես Հայաստանը որպես գինու և գաստրո տուրիզմի յուրահատուկ վայր ներկայացնող դեսպաններ դառնալ։

 

 

       

       

Ընտրացանկ
hyARM