ՀՀ-ում Սիդրի արտադրության հնարավորության ուսումնասիրություն

Ամալյա Իսկանդարյան, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի մագիստրանտ։

Թեմա՝ Խնձորի գինու՝ սիդրի արտադրության հնարավորության ուսումնասիրությունը ՀՀ-ում՝ օգտագործելով տարբեր չոր ակտիվ խմորասնկեր:

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Ամալյա Իսկանդարյանը մշտապես երազել է թեկուզ փոքրիկ, բայց կարևոր դեր ունենալ գիտության զարգացման մեջ, որն օգուտ կբերի մարդկությանը։

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

  • Այս հետազոտությունը կարող է նպաստել սիդրի` որպես թույլ ալկոհոլային մրգային խմիչքի արտադրության զարգացմանը Հայաստանում։
  • Իմ հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում տարածված խնձորի սորտերից սիդրի արտադրության տեխնոլոգիան՝ մասնավորապես օգտագործելով սիդրի արտադրության համար նախատեսված չորս տեսակի խմորասնկեր։
  • Հետազոտությունը թույլ կտա բացահայտել կիրառվող խմորասնկերի արդյունավետությունն ու առավելությունները, որի արդյունքում կստանանք բարձր որակի ըմպելիք՝ նվազեցնելով խոտանված խնձորի թափոնների քանակը։
  • Որպես սկսնակ գինեգործ ինձ միշտ հետաքրքրել է տարբեր ալկոհոլային խմիչքների արտադրությունը՝ այդ թվում նաև թույլ ալկոհոլային մրգային խմիչքները, որոնց մասին արդի հետազոտություններ գրեթե չկան։ Պտուղների մշակության համար Հայաստանի բարենպաստ բնակլիմայական պայմանները, խնձորի թարմ սպառումից ու վերամշակումից առաջացող թափոնների նվազեցման հնարավորությունը և արտադրողների, ինչպես նաև սպառողների կողմից աճող հետաքրքրությունը նմանատիպ խմիչքների նկատմամբ ինձ հանգեցրին Հայաստանում սիդրի արտադրության հետ կապված ուսումնասիրություն իրականացնելու մտքին։
  • Տեղեկանալով ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի «Հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ ՀԱԱՀ ուսանողների համար» գրանտային ծրագրին՝ մտածեցի, որ լավ կլիներ իրականացնել իմ այս միտքը՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից։ Ներկայիս ուսումնասիրության գիտական ղեկավար Միքայել Միքայելյանի հետ ծանոթ էինք դեռ EVN Գինու ակադեմիայում սովորելու տարիներից։ Նա կիսեց իմ ոգևորությունը, և միասին որոշեցինք ուսումնասիրել սիդրի արտադրության հնարավորությունը ՀՀ-ում՝ օգտագործելով տարբեր չոր ակտիվ խմորասնկեր։

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։

  • Ի սկզբանե թեման ինձ շատ հետաքրքիր էր թվում, սակայն չգիտեի` ինչով կավարտվի։ Հետազոտության ընթացքում, երբ արդյունքներն ավելի շոշափելի դարձան, հետաքրքրությունս ավելի մեծացավ և ցանկություն առաջացավ առավել խորությամբ ուսումնասիրել սիդրի արտադրության ողջ ընթացքը։

                                                                 

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

  • Թերևս արդեն հասցրել էի սիրել լաբորատորիայի կյանքը և՛ EVN գինու ակադեմիայի դասընթացների շրջանակներում, և՛ Նորվեգիայում մոլեկուլյար կենսաբանության ուսումնասիրությունների ու դրան նախորդած ՀԱԱՀ-ի կենսատեխնոլոգիաների դասընթացների շրջանակում ունեցած փորձի արդյունքում։ Սակայն այս հետազոտության ընթացքում կարողացա զարգացնել գիտական հետազոտության մոդելավորման կարողություններս, լաբորատորիայում աշխատելու ունակություններս, անալիտիկ մտածողությունս, ինչպես նաև գիտական ղեկավար և հետազոտող փոխհարաբերություններում շփման հմտություններս:

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

  • Գիտական հետազոտություն իրականացնելը` ինչքան գրավիչ և հետաքրքրական է, այնքան էլ պահանջում է մշտական ուշադրություն, նորարարական մոտեցումներ, անդադար պրպտող միտք և, իհարկե, նյութական ու ֆինանսական միջոցներ։ Ուստի` առանց համապատասխան գիտական միջավայրի hետազոտություն իրականացնելը գրեթե անհնար է։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հիանալի հնարավություն ընձեռեց իրագործելու իմ հետազոտական նպատակները։
  • Այս հետազոտությունն իրականացնելու գործում մեծ է EVN գինու լաբորատորիայի դերն ու աշխատակիցների կողմից ցուցաբերած պատրաստակամությունն ու օժանդակումը։ Հետազոտության համար անհրաժեշտ խնձորի հյութը մեզ տրամադրեց խոշոր արտադրողներից մեկը, իսկ խմորասնկերն ու դրանց կիրառման մասնագիտական խորհրդատվությունը տրամադրեց LabCare&Consulting ընկերությունը, որը հանդիսանում է Fermentis ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

                                                                                                                                               

Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

  • Հետազոտության ընթացքում ինձ մոտ ցանկություն առաջացավ ավելի խոր ու մանրազնին ուսումնասիրություններ կատարել և մշակել ձեռնարկ/ուղեցույց՝ սիդրի արտադրությամբ զբաղվել ցանկացող արտադրողների համար։
  • Նաև նպատակ ունեմ դիմել ասպիրանտուրա՝ տեսական ու պրակտիկ մասնագիտական գիտելիքներս խորացնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու նպատակով։

#AGRICAMP #Research_and_Development

Ղեկավար՝ Միքայել Միքայելյան, տ.գ․թ․

ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։.

3 մեկնաբանություն. Leave new

  • Նարինե Բաբայան
    Ապրիլի 29, 2022 1:11 ե.

    Արդեն ունեք որևէ հրապարակում կամ ձեռնարկ արտադրության մանրամասներով?Եթե այո ինձ էլ է հետաքրքրում։Շնորհակալություն։

    Պատասխանել
    • Նարինե Բաբայան
      Ապրիլի 29, 2022 1:13 ե.

      Արդեն ունեք որևէ հրապարակում կամ ձեռնարկ արտադրության մանրամասներով?Եթե այո ինձ էլ է հետաքրքրում։Շնորհակալություն։

      Պատասխանել
    • Հարգելի Նարինե,
      Շնորհակալ ենք հետաքրքրության համար, նման հետազոտություն կատարվում է առաջին անգամ և դեռեւս ընթացքի մեջ է, հետազոտության ավարտին կհրապարակի գիտական հոդված:
      Եթե այս պահին հետաքրքրված եք հետազոտության ընթացքով, կարող ենք տրամադրել հետազոտող խմբի կոնտակտային տվյալները:
      Խնդրում ենք շարունակել հետևել մեզ սոցիալական հարթակներում, որտեղ պարբերաբար կտեղադրվեն իրականացվող հետազոտությունների մասին տեղեկատվություն։

      Պատասխանել

Թողնել պատասխան Նարինե Բաբայան-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM