Գյուղատնտեսական կոոպերատիվների, ՓՄՁ-ների և ֆերմերների շրջանում գիտելիքների և հմտությունների բացերի գնահատման արդյունքների վավերացման աշխատաժողով

16 հունիս, 2021

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում այսօր տեղի ունեցավ գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների, ֆերմերների գիտելիքների և հմտությունների վերաբերյալ բացերի գնահատման արդյունքների վավերացման աշխատաժողովը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, Շեն ԲՀԿ-ից, Ավստրիական զարգացման գործակալությունից, UNIDO-ից, ինչպես նաև կոոպերատիվների անդամներ, ՓՄՁ-ներ, ֆերմերներ։

Ողջունելով մասնակիցներին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց Հայաստանում գյուղատնտեսության զարգացման գործում «միասնական ներուժ ստեղծելու» և «ICARE-ի հետ համագործակցության» կարևորությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և ICARE-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը՝ շեշտելով կրթական ծրագրերի և ունակությունների զարգացման անհրաժեշտության, կոոպերատիվների, ՓՄՁ-ների, ֆերմերների դերի ու նշանակության, ինչպես նաև գյուղատնտեսական նորարարություններին կանանց հասանելիության բարձրացման կարևորությունը։ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի ղեկավար Լուսինե Թադևոսյանը մասնակիցներին ծանոթացնելով ծրագրի մանրամասներին, կարևորեց ծրագրի այն գործողությունները, որոնք միտված են գիտելիքների և փափուկ հմտությունների խթանմանը՝ ՀԱԱՀ ուսանողների, շրջանավարտների, գյուղատնտեսությամբ հետաքրքրված երիտասարդների և երիտասարդ մասնագետների շրջանում: Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի մասնակիցները կյուրացնեն արդի տեխնոլոգիաները, ներառյալ գյուղատնտեսության մեջ ՏՏ կիրառումները, ինչպիսիք են GIS քարտեզները և գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, ջերմոցային տեխնոլոգիաները, շրջանաձև տնտեսության և սննդի անվտանգության մոտեցումները և այլն: «Դա ձեռք կբերվի գործնական կարճաժամկետ մասնագիտական դասընթացների և հմտությունների ձևավորման, ինչպեսև տարբեր նորարարական գյուղատնտեսական թեմաներով ամառային դպրոցների միջոցով»:

Ս.թ. փետրվար-մայիս ամիսներին անցկացված Գնահատման աշխատանքների արդյունքները ներկայացրեց ծրագրի փորձագետ՝ Աննա Երիցյանը։

Իր չորս ենթանպատակներից մեկի՝ ենթանպատակ #3-ի իրագործմամբ, որի ներքո անցկացվեց աշխատաժողովը՝ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը ձգտում է նպաստել Հայաստանում COVID-19-ի ընթացքում և դրանից հետո տնտեսության վերականգնմանը՝ մասնագիտական օժանդակության և համաներդրումների միջոցով: Մասնավորապես, նախատեսվում է կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների և ֆերմերների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով աջակցել ՀՀ կառավարության տնտեսական խթանման ծրագրերի հաջող իրագործմանը՝ մեղմացնելով տնտեսական ցնցումները տարածաշրջանում և նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը։

Առաջիկա դասընթացները, որոնք կմշակվեն գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների ու ֆերմերների գիտելիքների և հմտությունների վերաբերյալ բացերի գնահատման արդյունքների հիման վրա, նպատակ ունեն խթանել կոոպերատիվների ձևավորման գործընթացը՝ ֆերմերների ռեսուրսների օպտիմալացման, արտադրողականության բարձրացման, որակյալ արտադրության ընդլայնման և մրցունակության բարձրացման համար:

Ընտրացանկ
hyARM