Սահմանամերձ համայնքում ինտենսիվ այգիների հիմնման հնարավորությունների ուսումնասիրություն

Թեմա՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար սահմանամերձ համայնքում ինտենսիվ այգիների հիմնման հնարավորությունների ուսումնասիրություն

Ուսանողներ՝ Արման Ավետյան, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ, Հողային և ջրային ճարտարագիտություն բաժին, Լիանա Իվանյան, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ, Ճշգրիտ գյուղատնտեսություն բաժին

 

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառուներ Արման Ավետյանն ու Լիանա Իվանյանը հետազոտում են ինտենսիվ գյուղատնտեսության ներդրման հնարավորություններն ու հեռանկարները Հայաստանի սահմանամերձ համայնքներում՝ տիպային օրինակ ստանալու համար: Մշակվող նախագծերը թույլ կտան բարելավել համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

Արման. - Հետազոտության գաղափարն առաջ եկավ, երբ ես, մասնակցելով ICARE Հիմնադրամի «Ինտենսիվ այգիների հիմնում և կառավարում» դասընթացին, զուգահեռ սկսեցի ՀԱԱՀ-ում գիտական հետազոտություններ իրականացնել կաթիլային ոռոգման ոլորտում: Սևանա լճի հիմնախնդիրներն ուսումնասիրելիս ցանկություն առաջացավ բարելավել հարակից սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը։ Թեման ընտրելու հարցում ինձ օգնեցին ՀԱԱՀ-ի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոսները։

         

Լիանա. - Երբ Արմանը պատմեց իր գաղափարի մասին, այն ինձ շատ հետաքրքրեց։ Արմանն այնքան ոգեշնչված էր, որ ես իսկույն համաձայնեցի, երբ նա առաջարկեց միանալ հետազոտական աշխատանքներին։ Այս տարի ես ավարտում եմ “Ճշգրիտ գյուղատնտեսություն” մագիստրոսական ծրագիրը և արդեն իսկ աշխատում եմ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում, որտեղ դիտարկում ենք ոռոգման ժամանակակից մեթոդների կիրառությունն ու դրանց հեռանկարները մեր Հանրապետությունում: Այնպես որ, ես նույնպես մեծապես հետաքրքրված եմ այդ թեմայով։

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։

Լիանա. - Հետազոտության ընթացքում հասկացանք, որ մեր բռնած գործը շատ ավելի ծավալուն է, քան մենք պատկերացնում էինք։ Համապարփակ ու կիրառելի արդյունքներ ստանալու համար դեռ շատ գործ կա անելու։ Սակայն քայլ առ քայլ մենք մոտենում ենք մեր երազանքին։ Այդ հարցում մեզ շատ է օգնում ՀԱԱՀ-ի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ հատկապես հետազոտության ղեկավար գ.գ.դ., պրոֆ. Գ. Մ. Եղիազարյանը։ Կարծում եմ, այս հետազոտության ավարտից հետո էլ մեր ընտրած թեման շարունակության կարիք կունենա:

                                                     

Արման. - Հետազոտության ընթացքում հասկացանք, որ մեր գաղափարի իրագործման համար զուտ հետազոտությունը բավարար չէ, այլ անհրաժեշտ են նաև համակարգային ու հայեցակարգային փոփոխություններ։ Դրանց մենք անպայման կանդրադառնանք հետագայում։ Կարևորն այն է, որ մենք գնալով ավելի ենք համոզվում, որ ճիշտ ուղու վրա ենք։

                                                                                   

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

Լիանա. - Հետազոտությունն իրականացնելու համար մենք հնարավորություն ստացանք ավելի մոտիկից ծանոթանալ սահմանամերձ համայնքների խնդիրներին, փորձեցինք վեր հանել դրանց պատճառները և գտնել առկա մարտահրավերների հաղթահարման տարբերակներ՝ նորարարական գյուղատնտեսական լուծումներով, նաև գործնական կապեր հաստատեցինք տարբեր շահագրգիռ գերատեսչությունների հետ:

Արման. - Այս հետազոտությունը մեզ հնարավորություն տվեց գործնականում կիրառել ՀԱԱՀ-ում ստացած գիտելիքները: ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցության շնորհիվ կարողացանք տարբեր գերատեսչություններից ստանալ բավականին մեծ ծավալի տեղեկություններ, իրականացնել լաբորատոր հետազոտություններ, աշխատել գործնական ծրագրերով։ Այս ամենը թույլ կտա մեզ առաջիկայում մշակել առավել համապարփակ նախագիծ՝ մեր գաղափարին համակարգված լուծում տալու նպատակով:

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

Լիանա. - Մենք վայելում ենք ՀԱԱՀ-ի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անսահման բարությունն ու հոգատարությունը՝ մեր գիտական ղեկավարի գլխավորությամբ: Նաև օգտվեցինք ամբիոնի լաբորատորիաների ջրաչափիչ սարքերից, որոնք հնարավորություն տվեցին իրականացնել հաշվարկների համար կարևոր չափումներ: Ամբիոնի անձնակազմը օգնեց մեզ գործնականում կիրառել ՀԱԱՀ-ում սովորած մեթոդաբանությունները: Պրն․ Եղիազարյանի ու ՀԱԱՀ-ի ղեկավարության միջնորդությամբ աջակցություն ստացանք ՀՀ Կադաստրի կոմիտեից, ՀՀ ՏԿԵՆ-ի Ջրային կոմիտեից ու ՀՀ ՇՄՆ-ի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հատկացված միջոցներով որոշակի լաբորատոր հետազոտություններ պատվիրակեցինք ՀՀ ՇՄՆ-ի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Արման. - Պրոֆեսոր Եղիազարյանի շնորհիվ մեր նախագիծը լուրջ տեսամեթոդական հիմքեր ստացավ: Փորձառու գիտնականի խորհուրդներն ու ուղղորդումները թույլ են տալիս հեշտությամբ հաղթահարել առաջացող մարտահրավերները, բացահայտել իրականացված աշխատանքների թերություններն ու ժամանակին շտկել դրանք: Իսկ գործնական նմուշառումները, չափումները և այլ կարևոր աշխատանքներ չէինք կարող իրականացնել առանց Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ռեսուրսների ու պրոֆեսորադասախոսական կազմի աջակցության: Գիտական միջավայրում աշխատելը շատ բարենպաստ է մեզ համար։

Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

Լիանա.  - Հետազոտական աշխատանքների շնորհիվ ես ձեռք բերեցի կարևոր հմտություններ ու գիտելիքներ, որոնք, համոզված եմ, կօգնեն իրականացնել իմ ձգտումները, քանի որ շատ եմ ուզում ստեղծել ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման ավտոմատացված արդյունավետ համակարգեր, որոնք թույլ կտան ոռոգել Հայաստանի բոլոր գյուղական հողատարածքները:

Արման. - Այս հետազոտությունը ավարտին հասցնելուց հետո ուզում եմ մշակել Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա ընդլայնել ոռոգովի ցանքաշրջանառությունները՝ բարելավելով սոցիալ-տնտեսական իրավիճակը առաջին հերթին սահմանամերձ համայնքներում:

Ղեկավար՝ գ.գ.դ., պրոֆ. Գուրգեն Եղիազարյան, ՀԱԱՀ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։

#AGRICAMP #Research_and_Development

Ընտրացանկ
hyARM