Storica-Wine ընկերության հերթական այցը Հայաստան՝ 2024թ․-ի մայիսին

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հրավերով ԱՄՆ-ում հայկական գինի ներկրող Storica-Wine ընկերության հերթական՝ թվով 4-րդ այցը Հայաստան կայացավ 2024թ․ մայիսի 6-10։

Հյուրերը, որոնց կազմում էին էքսպերտներ, սոմելիեներ, գնորդներ, մարքեթոլոգներ, եղան Հայաստանի գինեգործարաններում, ինչպես նաև հանդիպեցին ԱՄՆ ՄԶԳ շահառու գինեգործների հետ՝ նոր կապերի ստեղծման և շուկաների ընդլայնման հեռանկարները ներկայացնելու համար

Ժամանման օրը Արմավիր մարզում Storica-Wine թիմին հյուրընկալեց Ջրաղացպանյան Վայների ՍՊԸ-ն։ Մյուս օրերի ընթացքում նրանք եղան Արարատ, Վայոց Ձոր և Արագածոտն մարզերում և վայելեցին էնդեմիկ խաղողների այգիները, եղան գինեգործարաններում և ծանոթացան հայկական գինիների արտադրության մեթոդներին, ինչպես նաև համտեսեցին Արարատ մարզում Տուշպա, Վայոց Ձորում NOA, Keush, SAVAR, Zulal, ինչպես նաև Արագածոտն մարզում Վան Արդի և Ոսկեվազ գինիները։

   

Բացի գործնական այցերից, հյուրերը եղան Հայաստանի գինու պատմության թանգարանում, հիացան Արենի Քարանձավի 6100 տարվա վաղեմություն ունեցող աշխարհի ամենահին գինեգործարանի պեղումներով, ծանոթացան հայկական գինու ստեղծման պատմությանը։

Storica թիմի Հայաստանյան այցն ամփոփվեց Հայաստանի գինի արտադրողների հետ հանդիպումով, որին հրավիրել էինք ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ և RED-NEO ծրագրերի շահառուներին։ Հայաստանի գինեգործների համար սա հիանալի հնարավորություն էր ծանոթանալ ԱՄՆ շուկայի առանձնահատկություններին և ամերիկացի սպառողների նախընտրություններին։

Պատմելով Storica Wines-ի ստեղծման մասին, ընկերության գլխավոր տնօրեն Արա Սարկիսիանը նշեց, որ «Storica-ն Հայաստանի գինեգործների համար փորձում է ճանապարհ հարթել դեպի ԱՄՆ շուկա»։ «ԱՄՆ շուկան մեկ օրում չես նվաճի։ Երկարատև շարունակական աշխատանք պետք է տարվի՝ այդ նպատակին հասնելու համար», - ասաց նա։ Պարոն Սարկիսիանը նաև նշեց, որ ներկայում այդ հարցում աջակցում է ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը, բայց, «ցավոք, դա բավարար չէ։ Մոտ ապագայում առանց կառավարության ներգրավվածության դժվար կլինի հասնել շոշափելի արդյունքների»։

   

Նույն միտքը հաստատեց նաև գինու թեման լուսաբանող, գրող Լ․Մ․ Արչերը։ «Միացյալ ջանքերով աշխատելը շատ կարևոր է», - ասաց նա և շարունակեց, - «Այդ ջանքերը պետք է ուղղված լինեն նաև սպառողին ձեր պատմությունը ներկայացնելուն՝ գրքերի, բրոշուրների և այլ տեղեկատվական նյութերի ստեղծման ու տարածման միջոցով։ Գիտե՞ք որն է ձեր գլխավոր առանձնահատկությունը։ Դա այն է, որ դուք ունեք եզակի խաղող, ձեր երկիրը եզակի է, և յուրաքանչյուրիդ ստեղծած գինին ևս եզակի է։ Դուք պետք է հպարտանաք դրանով և կարողանաք մարդկանց պատմել ձեր մասին, ներկայացնել ձեր հիասքանչ պատմությունը՝ ձեր գինու պատմությունը»:

Ընտրացանկ
hyARM