Միասին ստեղծենք զարգացած ու արդիական գյուղատնտեսություն

Երկիրը հզոր է, երբ ամուր է տնտեսությունը: Իսկ մեր տնտեսության կայունությունը գլխավորապես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի զարգացմամբ: 

Նորարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար «ԱԳՐԻ ՔԵՄՓ» ծրագրի կողմից ստեղծված նորաբաց «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնում անցկացված ամառային դպրոցները միտված են մեր երկրի գյուղատնտնեսության կայունացմանը։ 2022թ.-ի օգոստոսի 12-16-ը և 19-23-ը իրականացված ամառային երկու դպրոցներին հաջողվեց ներգրավել շուրջ 41 երիտասարդների՝ տարբեր մարզերի ուսանողների և շրջանավարտների, որոնց միավորում էր սերը դեպի գյուղատնտեսություն և պրակտիկ գյուղատնտեսական գիտելիքներ ստանալու մեծ ցանկությունը:

                                                                     

5-օրյա ամառային դպրոցների գլխավոր նպատակներն էին՝

 

- երիտասարդներին ծանոթացնել նորարարական գյուղատնտեսության համաշխարհային զարգացման միտումներին,

- թեմատիկ խաղերի և միջոցառումների միջոցով ձևավորել փափուկ հմտություններ, 

- գործնական դասընթացների օգնությամբ ցուցադրել ԱԹՍ-ների կիրառումը գյուղատնտեսության մեջ, 

- ներկայացնել կոմպոստացման գործընթացը, շրջանաձև տնտեսության մոդելի կիրառումը և դերը գյուղատնտեսական ռեսուրսների օպտիմալ օգտագործման գործընթացում, ինչպես նաև սննդի կորուստների և թափոնների կառավարման, շրջանաձև տնտեսության մեջ բիոգազի արտադրության մանրամասներն ու կանաչ գյուղատնտեսության հիմունքները:  

                                                                                     

                                                                                                                          

                                                                               

                                                                                                                   

Խմբային աշխատանքներում մասնակիցներին ակտիվորեն ներգրավելու միջոցով քննարկվեցին գյուղատնտեսական առկա մոտեցումների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև բնակչության աճին զուգընթաց կիրառվող գյուղատնտեսության առանձնահատկությունները՝ շեշտադրելով կանաչ, օրգանական և կլիմայական գյուղատնտեսությունը։ 

                                  

Մասնակիցների համար օրը սկսվում էր յոգայով և շնչառական վարժանքներով, շարունակվում էր թրեյնինգներով, թեմատիկ խաղերով և միջոցառումներով, իսկ երեկոյան հանգիստն ուսանողներն անց էին կացնում խարույկի շուրջ ստեղծված մտերմիկ միջավայրում՝ վայելելով երաժշտական երեկոներ, հետաքրքիր և օգտակար զրույցներ և հանդիպումներ արհեստավարժ բանախոսների հետ:

 

Ամառային դպրոցների ֆորմատը տարբերվող էր, քանի որ ծրագրում ներգրավված էին բանախոս հյուրեր։ Իրենց գործունեությամբ և մասնագիտական փորձով երիտասարդների հետ կիսվեցին՝ 

. Քըրք Ոլասին, ում ջանքերով հիմնադրվել է MAquaponics ակվապոնիկ համակարգը Դդմաշեն գյուղում՝ Սևանա լճից ոչ հեռու: Պրն Ոլասին մասնակիցներին պատմեց իր ընկերության բիզնես համակարգի մասին՝ նշելով, որ այն Հայաստանում ակվապոնիկայի արտադրության առաջին խոշորամասշտաբ ձեռնարկությունն է, որն ապահովում է աշխատուժի զարգացման հնարավորություններն ու թարմ արտադրանքի տարին։

             

• Գրիգոր Երիցյանը՝ Armenian Progressive Youth-ի հիմնադիրը, պատմեց իր հիմնադրած կառույցի մասին, ներկայացրեց Բրյուսելում իր աշխատանքային փորձառությունը և ուսանողների հետ քննարկեց հետագա համագործակցության հնարավորությունները։ 

                                        

• Հռիփսիմե Մկրտչյանը՝ Էկո աղբ/Eko Waste նախաձեռնության հիմնադիրը, ներկայացրեց տեղական և միջազգային երիտասարդական տարբեր ծրագրեր՝ խրախուսելով մասնակիցներին ներգրավվել գիտական հետազոտությունների իրականացման բնագավառում: 

                                                                             

• Նիկա Մանուկովան՝ որակի կառավարման համակարգերի մասնագետ, ներկայացրեց իր անձնական փորձը, հաջողություններն ու ձախողումները, մասնակիցներին պատմելով որակի կառավարման համակարգերի ներդրման, անհաջող փորձերի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է կազմակերպվում և կառավարվում ազատ տնտեսական գոտին։

                                                                                                                  

• Դավիթ Իսկանդարյանը ներկայացրեց ծրագրային մենեջմենթի կարևորությունը գյուղատնտեսության ոլորտում:

                                                                                                                                               

Գյուղատնտեսական մասնագիտական սեսիաներից զատ ուսանողներն օրվա ընթացքում կատարեցին նաև տարաբնույթ ինտերակտիվ վարժություններ։ 

                                                                                                                    

Ճամբարի ավարտին՝ ձեռքբերված գիտելիքներով ու հմտություններով հանդերձ, ուսանողներն իրականացրեցին ամփոփիչ խմբային աշխատանք՝ «Դեպի կայուն գյուղատնտեսական բիզնես» թեմայով։ Բաժանվելով խմբերի, թիմերը ներկայացրեցին իրենց ագրոբիզնես գաղափարները, հետևելով նախապես ներկայացված հետևյալ պահանջներին՝ ունենալ ագրոբիզնեսի անվանում, նկարագրություն, արտադրվող վերջնական արտադրանք, բիզնեսի վարման գործընթացներ, անձնակազմ, կայունություն։ Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր բիզնես տեսակետը։ 

5-օրյա ճամբարի ավարտական օրը ուսանողներին շնորհվեցին մասնակցության վկայագրեր: 

          

Մենք լիահույս ենք, որ «ԱԳՐԻ ՔԵՄՓ» ծրագրի կողմից կազմակերպված ամառային դպրոցների ընթացքում ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն կտան երիտասարդներին մաս կազմել մեր երկրի գյուղատնտեսության կայացման անչափ կարևոր գործում և իրենց ներդրումն ունենալ մարզային տնտեսությունների հետագա զարգացման գործընթացներում:

Ընտրացանկ
hyARM