ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի շահառուները հաջողությամբ մասնակցեցին «PANARMENIAN EXPO 2023»-ին

Հայրենական արտադրանքի ճանաչման բարձրացմանն ուղղված «PANARMENIAN EXPO 2023»-ի 145 մասնակիցների շարքում էին նաև մեր ծրագրի շահառուները, որոնք հանդես եկան ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի միասնական տաղավարով։

Միջոցառման կազմակերպիչները տրամադրել էին բիզնեսներն առաջ տանող և փոխգործակցությանը նպաստող գրեթե բոլոր գործիքները` B2B միջոցառումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ՝ այս կամ այն արտադրանքով հետաքրքրված կազմակերպությունների և դիստրիբյուտորների հետ և այլն։

Ներկայացված էին տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Գործակցության հնարավորություններ կային նաև արտերկրի ընկերությունների հետ, որոնք ցուցահանդեսին մասնակցեցին ոչ միայն վաճառելու այլև գնելու նպատակով։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, նշեց, որ միայն տնտեսության հզորացմամբ է հնարավոր հաղթահարել այն լրջագույն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած է մեր երկիրը։

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շահառուների համար ցուցահանդեսը նոր հեռանկարային կապեր ստեղծելու լավ հնարավորություն էր։ Նրանք անձամբ էին այցելուներին պատմում իրենց կազմակերպության ու արտադրանքի մասին։

   

Երեք օր ընթացող «PANARMENIAN EXPO 2023» ցուցահանդեսին իրենց օգտակար, համեղ ու յուրահատուկ արտադրանքներով հանդես եկան մեր ծրագրի հետևյալ շահառուները․

  1. Խաչատուր Գրիգորյանի (ԱՁ) կողմից հիմնադրված ArmFruit ապրանքանիշը՝ իր չոր մրգերի/բանջարեղենի/կանաչեղենի արտադրությամբ;
  2. «Ռոզա 1»-ի (ԳԿ) d’ROSE ապրանքանիշը, որը մասնագիտացած է կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի արտադրության մեջ;
  3. «Սմարթ Ֆարմ Սպիտակ» ֆերմերային խումբը, որը զբաղվում է ծնեբեկի արտադրությամբ;
  4. Սուրեն Գրիգորյանի (ԱՁ) կողմից հիմնադրված Lori Farm ապրանքանիշը, որը զբաղվում է բարձրարժեք մշակաբույսերի արտադրությամբ;
  5. «Ֆամմա Ֆուդ» ՍՊԸ-ի NURINI ապրանքանիշը՝ իր բանջարեղենի պահածոներով, մուրաբաներով ու կոմպոտներով;
  6. «Նարվեստ» գյուղատնտեսական կոոպերատիվը՝ բարձրորակ տանձի սորտերով;
  7. Ռոման Համբարձումյանի (ԱՁ) HAYKMARI ապրանքանիշի՝ չրերի/բանջարեղենի արտադրություն (բալ, ծիրան, սև սալոր, դեղձ, Վիկտորիա սալոր, լոլիկ և այլն);
  8. Կարինե Հայրապետյանը՝ Villa Armos ապրանքանիշի սիդրի արտադրությամբ;
  9. Տիգրան Հարությունյանն՝ իր MEEJ յուրահատուկ բաժակներով մեղրաջրի արտադրությամբ;
  10. Մագդա Կարապետյանն իր Mornin ապրանքանիշի մուսլիների արտադրությամբ։

«Սա հիանալի հնարավորություն է ոչ միայն ապրանք ցուցադրելու, այլև գնորդին ծանոթացնելու մեր կազմակերպության ստեղծման հետ և պատմելու մեր սրտացավ վերաբերմունքի մասին», - մեր զրույցի ընթացքում ասաց է ծնեբեկի արտադրությամբ զբաղվող «Սմարթ Ֆարմ Սպիտակ» ֆերմերային խմբի հիմնադիր Արտաշես Կարապետյանը։

Հոկտեմբերի 6-8-ն ընթացող «PANARMENIAN EXPO 2023»-ը տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Միջոցառումը կազմակերպել էին Պրոմ Էքսպո ընկերությունը և Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը։

     

«Նման միջոցառումները չափազանց կարևոր են մեր պրոդուկտի ճանաչելիության բարձրացման և բիզնեսի առաջխաղացման համար։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շնորհիվ մեզ հաջողվեց բազմաթիվ կապեր ստեղծել «PANARMENIAN EXPO 2023»-ի ընթացքում, որոնք նոր հեռանկարներ կբացեն մեզ համար», - գնահատելով մասնակցության արդյունքերն, ասաց նրբաճաշակ փաթեթավորմամբ հայկական չրերից մուսլի արտադրող «ՄՈՐՆԻՆ» ՍՊԸ-ի հիմնադիր Մագդա Կարապետյանը։

Հուսանք, որ ցուցահանդեսի հետ կապված մեր մասնակիցների ակնկալիքները կարդարացվեն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը։

   

   

Ընտրացանկ
hyARM