ԱԳՐԻ ՔԵՄՓ-ն օգնում է ծրագրի շահառուներին մասնակցելու միջազգային ցուցահանդեսներին

Ծրագրի շահառուների մասնակցությանն աջակցելը՝ ազգային և միջազգային միջոցառումներին, ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի առանցքային նախաձեռնություններից է: Այդպիսով ծրագիրն օգնում է իր շահառուներին ներկա գտնվել առևտրային ցուցահանդեսներին, տոնավաճառներին և ցուցահանդեսներին, որոնք միտված են ապրանքանիշի տեսանելիության բարձրացմանը, դիստրիբյուտորների հետ կապերի ձևավորմանն ու արտահանման հնարավորությունների ընդլայնմանը:

Իհարկե, մենք չէինք կարող բաց թողնել այս տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած այնպիսի խոշոր ցուցահանդեսներն, ինչպիսիք էին Foodex Saudi, World Food և SIAL Paris-ը։

Սեպտեմբերի 16-19-ը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ Գառնի Գարդեն ՍՊԸ-ն, որը զբաղվում է ընկույզների արտադրությամբ՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում, մասնակցեց Ռիադում տեղի ունեցած Foodex Saudi 2024 ցուցահանդեսին։

          

Իսկ Մաթևոսյան Վայն ՍՊԸ-ն սեպտեմբերի 19-22-ը մասնակցեց Նյու Դելիում կայացած World Food India 2024 ցուցահանդեսին։ Ընկերությունն իր գինիներն արտադրում է Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքում։ Նյու Դելիում Մաթևոսյան գինիները ներկայացվեցին Հնդկաստանի պոտենցիալ գործընկերների կողմից, որոնց հետ արդեն իսկ վարվում են համագործակցության բանակցություններ:

SIAL Paris միջազգային սննդի ցուցահանդեսը, որը սննդարդյունաբերության համաշխարհային առաջատար միջոցառումներից է, ավարտվեց հոկտեմբերի 23-ին։ Հինգ օրվա ընթացքում ավելի քան 285,000 մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ 44 ընկերություններ Հայաստանից, հավաքվել էին՝ քննարկելու սննդի ոլորտի նոր միտումներն ու նորամուծությունները՝ համատեղ աշխատելով սննդի ապագայի մարտահրավերների լուծման ուղղությամբ:

Գառնի Գարդեն ՍՊԸ (ընկույզների արտադրություն), TG Company ՍՊԸ (պահածոների արտադրություն), Ֆրութ Ֆուդ ՍՊԸ (չորացրած մրգերի արտադրություն) և ՎանԱրդի ՍՊԸ (գինու արտադրություն)՝ սրանք այն չորս հայկական ընկերություններն են, որոնք SIAL-ին մասնակցեցին ICARE հիմնադրամի ԱՄՆ/ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ։

             

“ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շնորհիվ մենք առաջին անգամ հնարավորություն ստացանք մասնակցելու նման խոշոր միջազգային ցուցահանդեսներին, թեև մինչ այդ ծրագիրը մեզ մի քանի անգամ օգնել է հանդես գալ ազգային ցուցահանդեսներին”, - մեր զրույցի ընթացքում ասաց Աշխեն Բարսեղյանը՝ Գառնի Գարդեն ընկերության գլխավոր հաշվապահը։

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի շահառուների խոսքով՝ թե՛ Փարիզում, թե՛ Ռիադում և թե՛ Նյու Դելիում հայկական տաղավարների շուրջ մշտական աշխուժություն էր։ Հնդկաստանում և Սաուդյան Արաբիայում այցելուները բազմազան էին՝ սկսած գործարարներից մինչև սովորական բնակիչներ։ Իսկ Փարիզում մասնակիցները բացառապես բիզնես աշխարհի ներկայացուցիչներ էին՝ Եվրոպայից, Չինաստանից, Հնդկաստանից, Սերբիայից, Իրաքից և այլ երկրներից։

“SIAL-ում Հայկական արտադրանքի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կար։ Չէինք պատկերացնում, որ աշխարհահռչակ հրուշակեղեն արտադրող բրենդերի համար մեր արտադրանքը կարող է այդքան գրավիչ լինել։ Մենք նույնիսկ կոնտակտներ փոխանակեցինք խոշոր ընկերություններից մեկի հետ և այսօր հետագա համագործակցության մեծ հույսեր ունենք”, - պատմում է Աշխեն Բարսեղյանը։

              

Մեր հարցին, թե ի՞նչը կարող է խոչընդոտել արտահանմանը, մեր զրուցակիցն ակնարկեց, որ այս պահին դեռևս “խնդիր ունեն կապված արտադրական ծավալների հետ”։ Սակայն “շատ շուտով, երբ նորատունկ այգիները հասնեն լիարժեք բերքատվության, ընկերության արտադրանքի արտահանման հեռանկարները զգալիորեն կընդլայնվեն”։

“Այս կարգի խոշոր միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը շատ կարևոր փորձառություն է։ Մենք երախտապարտ ենք ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին մեզ այս բացառիկ հնարավորությունն ընձեռելու համար”։

Ընտրացանկ
hyARM