Ընկուզապտուղների բերքահավաքի ավտոմատացում

Ստարտափ գաղափարի նորարարությունը. Ընկուզապտուղների և թթի բերքահավաքի համար նախատեսված 3-8մ երկարությամբ հեռակառավարվող վիբրատոր ձողեր, որոնք բռնում են ծառի ճյուղը և վիբրացիայի միջոցով թափ են տալիս այն՝ բերքը նետելով ծառին ամրացված հատուկ սավանի մեջ։

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «Ընկուզապտուղների բերքահավաքի ավտոմատացում» ստարտափ նախագծի ղեկավար՝ Տիգրան Սիմոնյանի հետ:

AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն        

  • ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլին մասնակցելու շնորհիվ մենք ստացանք կարևոր գիտելիքներ ու հմտություններ, ծանոթացանք բազմաթիվ այլ նորարար գաղափարների հեղինակների ու ստարտափ թիմերի հետ, մեկ անգամ էլ վայելեցինք ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրն իրականացնողների, AgriThon-ի փորձագետների ու մենթորների հոգատար վերաբերմունքը։
  • Բանն այն է, որ սա AgriThon-ին մասնակցելու մեր երկրորդ փորձն է։ Նախորդ անգամ մեզ չհաջողվեց անցնել ինկուբացիայի 2-րդ փուլ։ Ծրագրի ՖԲ էջում տեսնելով մրցույթի հայտարարությունը որոշեցինք կրկին փորձել մեր ուժերը։ Արդյունքում, կարողացանք հստակեցնել մեր ստարտափ գաղափարի նպատակները՝ կենտրոնանալով բուն բերքահավաքի վրա։

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.      

  • Այս գաղափարն ինձ մոտ երկար է խմորվել։ Տարիներ շարունակ ես անձամբ մասնակցելով ընկույզի բերքահավաքներին, ստիպված էի պարանների օգնությամբ բարձրանալ մեր այգու 10 մետրանոց վիթխարի ընկուզենու վրա, հագնելով սաղավարտ, կոնքագոտի և հետս վերցնելով տարբեր երկարության փայտեր՝ ընկույզը թափ տալու համար։
  • Ինչ վերաբերում է թթին, ապա ավանդական եղանակով թթի բերքահավաքի դեպքում տարբեր ռիսկերին գումարվում էր նաև այն, որ պտուղն, ընկնելով գետնին, վնասվում ու կեղտոտվում էր։
  • Այս նախագծով մենք առաջարկում ենք եզակի ծառայություն՝ ընկուզապտուղների և թթի բերքահավաք՝ առանց ծառ բարձրանալու։ Ընկուզապտուղների և թթի բերքահավաքի համար նախատեսված 3-8մ երկարությամբ հեռակառավարվող վիբրատոր ձողերը բռնում են ծառի ճյուղը և վիբրացիայի միջոցով թափ են տալիս այն՝ բերքը նետելով հատուկ սավանի մեջ։ Ծառի բունը գրկող և սաղարթից անդին ծավալվող սավանների կիրառմաբ գրեթե բացառվում է թափ տրված բերքի վնասումը, գետնին ընկնելն ու պտուղների կորուստը։
  • Բացի այդ, մեր կողմից առաջարկվող ավտոմատացված սարքը կրճատում է բերքահավաքի ժամանակը և մարդկային ռեսուրսը, ինչպես նաև նվազեցնում է վնասվածքներ ստանալու ռիսկը, որն առաջանում է ծառ բարձրանալու հետևանքով։
  • Գաղափարի շահառուներ կարող են լինել ինչպես մենատնտես գյուղացիները, որոնք ունեն առնվազն 1 ընկույզի, նուշի, պնդուկի, թթի ծառ և միջին եկամուտ, այնպես էլ ընկուզապտուղների և թթի խոշոր այգիներ ունեցող ֆերմերները։

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

  • Գաղափարի իրագործման համար կպահանջվի մոտ 9 ամիս ժամանակ։
  • Առաջին քայլով Չինաստանի մեր գործընկերներից նախատեսում ենք ձեռք բերել 5 բենզինային և 3 էլեկտրական 3մ, 4մ, 5մ երկարությամբ բերքահավաքի վիբրատոր գործիքներ, որոնց հիմքով մեր թիմի ինժեներները, հաշվի առնելով մեր երկրի ծառերի առանձնահատկությունները, կմշակեն 3-8մ հեռակառավարվող վիբրատոր ձողերի պրոտոտիպ։
  • Սկսած 2023թ․ հունիսից արդեն կկարողանանք ծառայություն մատուցել մեր շահառուներին՝ ավտոմատացված բերքահավաքի նորարարական գործիքների, տեղական սավանների և հավաքման աքսեսուարների միջոցով։

 

Թիմի անդամներ՝ Տիգրան Սիմոնյան (թիմի համակարգող), Ռուզաննա Սարոյան, Սամվել Անդրեասյան, Ցողիկ Հակոբյան, Ռուստամ Մարտիրոսյան, Արտակ Աթայան:

 

Address of the startup activity: Կոտայք մարզ, Աբովյան խոշորացված համայնք

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon      #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM