Berree մյուսլիների հաջողության պատմությունը

Երբևէ լսե՞լ եք մրգերի սառը չորացման մասին, որը նաև հայտնի է որպես սուբլիմացիա: Արդյո՞ք ծանոթ եք սուբլիմացված արտադրանքի առավելություններին: Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում արտադրվում են Berree մյուսլիներ, որոնք պատրաստված են սառեցված չորացրած մրգերի օգտագործմամբ:

Թեև ավանդական չրերի արտադրությունը Հայաստանում զարգանում է արագ տեմպերով, սուբլիմացված մթերք արտադրողներ երկրում գրեթե չկան՝ թերևս սուբլիմացիոն սարքավորումների ոչ մատչելի լինելու պատճառով։ Մինչդեռ սառը չորացման տեխնոլոգիան համարվում է առավել արդյունավետ՝ օգտակար էլեմենտների պահպանման, պատշաճ ապրանքային տեսքի ապահովման և պահպանման ժամկետի երկարության շնորհիվ։ Բացի այդ, միջազգային շուկայում այսօր առկա է սուբլիմացված սննդի մեծ պահանջարկ։

Շտապենք ասել, որ Berree մյուսլիների արտադրությունն ընտանեկան բիզնես է և պատկանում է ամուսիններ Զորի Մկրտիչյանին և Սոնա Թելունցին։Անցյալ տարի երիտասարդ ընտանիքը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից ստացավ տեխնիկական աջակցություն` սառը չորացման երկու սարքավորում՝ հատապտուղների սուբլիմացված չիր արտադրելու համար։

Ի դեպ, սուբլիմացիան բնական ջրազրկման պրոցես է, որի արդյունքում հումքը պահպանում է բոլոր օգտակար հատկությունները, տեսքը, համն ու հոտը և հեշտ վերականգնում է սկզբնական խտությունը ջրի միջոցով։ Այս տեխնոլոգիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվել է արյան պլազմայի պահպանման և փոխադրման նպատակով։ Հետագայում սուբլիմացված մթերքներ սկսեցին արտադրել տիեզերագնացների համար։

Թեև կոմերցիոն արտադրության մեջ սուբլիմացված մթերքները Ամերիկյան և Եվրոպական շուկաներում լայնորեն կիրառվել են դեռևս 20-րդ դարի կեսերից, այնուամենայնիվ, սառը չորացված հայկական հատապտուղների մեծածախ առևտուրը հնարավոր դարձավ Berree մյուսլիների արտադրությամբ։

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և իրենց կողմից հավելյալ ներդրում կատարելու շնորհիվ երիտասարդ զույգը կարողացավ ընդլայնել բիզնեսը։ Հայաստանի տարբեր շրջանների ֆերմերներից ձեռք բերելով ավելի քան 7 տոննա միրգ և հատապտուղ, նրանց հաջողվեց ամբողջությամբ չորացնել այն և սուբլիմացված մթերքը իրացնել շուկայում՝ ինչպես մյուսլիի տեսքով, այնպեսև որպես հումք այլ արտադրողների համար:

Այսօր արդեն Berree մյուսլիները ներկայացված են Sas և Gurmenia տեղական սուպերմարկետներում, և supermarket.am առցանց հարթակում: Ընկերությունը մեծածախ մյուսլի է մատակարարում հյուրանոցներին, ինչպես նաև մի շարք թեյ ու հրուշակեղեն արտադրողների։

Ավելին, ներկայում ընկերությունը բանակցություններ է վարում արտեկրի մի շարք երկրների դիստրիբյուտորների հետ՝ իր արտադրանքն արտահանելու նպատակով:

Ընտրացանկ
hyARM