Թեմա՝ Պատրինջ դեղատուի in vitro բազմացման նոր տեխնոլոգիայի մշակումը վիրուսազերծ բուսակների ստացման համար
Ուսանողնեվ՝ Դիանա Սումբուլյան, ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետ, Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա մասնագիտություն և Սարե Գալստյան, ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետ, Ագրոէկոլոգիա մասնագիտություն
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառուներ Դիանա Սումբուլյանի և Սարե Գալստյանի համատեղ իրականացվող հետազոտության էությունը կայանում է նրանում, որ պատրինջի in vitro մշակության տվյալ տեխնոլոգիայի ներդրմամբ հնարավոր կլինի ստանալ ավելի որակյալ բերք և նվազեցնել ագրոտեխնիկական պայքարի ծախսերը։
Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։
Դիանա․ - Հետազոտության հիմնական նպատակն է` ստանալ պատրինջի վիրուսազերծ բուսակներ, որոնք կլինեն հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմացկուն։
Սարե․ Պատրինջ դեղատուի մասին առաջին անգամ Դիանայի հետ խոսել ենք դեռևս 2018 թվականին, երբ գիտական ղեկավար Արմինե Աբրահամյանի հետ նրանք կատարում էին հետազոտություններ։ Մեծ հետաքրքրությամբ լսում էի Դիանայի և գիտական ղեկավարի կատարած էքսպեդիցիոն աշխատանքների մասին պատմությունները և, երբ Դիանան առաջարկեց կատարել այս թեմայով հետազոտություն՝ սիրով ընդունեցի առաջարկը։ Թեման ինձ թվաց արդիական ու հետաքրքիր, իսկ դրա հետ կապված հետազոտությունները նոր գիտելիքներ ձեռք բերելու լավ հնարավորություններ էին ընձեռում։
Դիանա․: - Իմ գիտական ղեկավար`կենսաբանական գիտությունների դոկտոր Արմինե Աբրահամյանի հետ այս թեմայով ուսումնասիրությունները սկսել ենք կատարել դեռևս 2018-2020 թվականերին, գիտական ղեկավարիս առաջարկությամբ հնարավորություն եմ ունեցել մասնակցել վայրի դեղաբույսերի էքսպեդիցիոն աշխատանքներին։ Իսկ 2021 թվականին ինձ բախտ վիճակվեց կատարել բուսատեսակների թվայնացման աշխատանքներ՝ ԲիոԴԱՏԱ ծրագրի շրջանակում։ Այդպիսով ես արդեն սկսել էի ուսումնասիրել դեղաբույսերը և, երբ խոսք գնաց պատրինջի մշակության մասին, ղեկավարիս հետ միասին որոշեցինք կատարել նաև դեղաբույսի in vitro եղանակով մշակություն՝ որպես դիպլոմային աշխատանք։
Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։
Դիանա․ Թեման ընտրելիս և ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հայտը լրացնելիս մեծ ոգևորություն էի ապրում։ Իսկ երբ հետազոտությունների ժամանակ անձամբ սկսեցի կատարել բույսի in vitro եղանակով բազմացումը, ոգևորությունս կրկնապատկվեց։ Գիտակցումը, որ պատրինջ դեղատուի նման եղանակով մշակության փորձ ՀՀ-ում դեռ չի իրականացվել, մեծ պատասխանատվություն առաջացրեց։
Սարե․ Սա հետազոտություններ իրականացնելու իմ առաջին փորձն է։ Այդ ընթացքում ոչ միայն նոր ունակություններ ձեռք բերեցի, այլ նաև նոր տպավորություններ ստացա, քանի որ ինձ հնարավորություն էր ընձեռնված գործնականում կիրառել ունեցածս գիտելիքները։ Բացի այդ, ավելի լավ պատկերացում կազմեցի ընտրածս մասնագիտության վերաբերյալ։
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։
Դիանա․ Հետազոտության սկզբում ունեի որոշակի գիտելիքներ բույսերի in vitro եղանակով բազմացման վերաբերյալ, սակայն գործնականում չէի պատկերացնում թե ինչպես կարելի է դրանք կիրառել։ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում սովորեցի in vitro տեխնոլոգիային վերաբերող գրեթե ամեն ինչ. Կենտրոնում պատրաստել ենք սննդային միջավայրեր, մայրական տնկանյութի ախտահանում ենք արել՝ տարբեր եղանակներով, լամինյար բոքսում մայրական տնկանյութից անջատել ենք մերիսթեմային հյուսվածքներ, որոնք հետագայում կտրոնավորել ենք և այլն։ Բույսերի հետ կապված բոլոր աշխատանքներն իրականացրել ենք ստերիլ միջավայրում՝ ավտոկլավում, նախօրոք ախտահանված գործիքներով։ Հետազոտության շնորհիվ ես արդեն տիրապետում եմ in vitro եղանակով բույսերի բազմացման տեխնոլոգիայի բոլոր նրբություններին։
Սարե․ Թեման ընտրելուց հետո փորձեցի ինքնուրույն ծանոթանալ բույսերի in vitro եղանակով բազմացմանը, սակայն դրանք զուտ տեսական գիտելիքներ էին։ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն այցն ու գործնական աշխատանքներն օգնեցին ամբողջացնել իմ պատկերացումները։
Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։
Դիանա․ - ՀԱԱՀ-ի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակիցները մեծ պատրաստակամությամբ աջակցում են մեր հետազոտությանը։ Շնորհակալ եմ մասնավորապես Կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Մելյանին, ում օգնությամբ գործնականում ծանոթացանք բույսերի in vitro եղանակով բազմացման տեխնոլոգիայի բոլոր նրբություններին։ Ի դեպ, գիտական կենտրոնը հետագայում կարող է դառնալ մշակաբույսերի պահպանման շտեմարան, քանի որ այնտեղ, բացի Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր մշակաբույսերից, in vitro եղանակով մշակվում են նաև բազմաթիվ այլ տեսակներ։
Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։
Սարե․ Ուրախությամբ պետք է նշեմ, որ թեև հետազոտական աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց ես ինձ ապագայում պատկերացնում եմ տվյալ ոլորտում։ Աշխարհն այսօր պարենային անվտանգության խնդրի առջև է կանգնած, որի լուծումը, մեծ մասամբ կախված է գյուղատնտեսությունից։ Ոլորտի զարգացումը թույլ կտա գտնել խնդրի լուծման նոր ուղիներ և բարելավել արդեն իսկ եղածները։ Ստացածս գիտելիքները ծառայեցնելու եմ գյուղատնտեսության զարգացման ոլորտին, ինչպես նաև գիտության զարգացմանը` հանուն մարդկության բարօրրության։
Դիանա․ -Մեծ ցանկություն ունեմ մանրամասն ուսումնասիրել հայկական բնաշխարհի զարմանահրաշ բույսերը և նորարարական լուծումներ առաջարկելով, մշակության մեջ դնել դրանք՝ պահպանելով էնդեմիկ տեսակները։
#AGRICAMP #Research_and_Development
Ղեկավար՝ Արմինե Աբրահամյան, Կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀԱԱՀ
ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։.