AgroTwin թիմը՝ Վարդան Ուռուտյանը, Ռուդիկ Նազարյանը և Լիլիթ Թամազյանը, 2024 թ․ նոյեմբերի 17-ից 24-ը, մասնակցեցին Վայենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանի կողմից կազմակերպված «Ճշգրիտ գյուղատնտեսությունը ոլորտի հայաստանյան շահառուների համար» փոխանակման այցին։ Խումբը կազմված էր Հայաստանի ագրիթեք կազմակերպություններից և ստարտափներից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսներից, հետազոտողներից, ոլորտի փորձագետներից և խորհրդատուներից։ Այս ուսումնական այցը իրականացվել է EU-GAIA ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության օժանդակությամբ։
Դեպի Գերմանիա իրականացված այս ուսումնական այցը կազմակերպվել էր ոլորտի շահառուներին Եվրոպական Միությունում և մասնավորապես Գերմանիայում նորարարական ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտի վերջին միտումներին և զարգացումներին ծանոթացնելու նպատակով։
Այցի առաջին օրը դոկտոր Արամ Արիստակեսյանը՝ Վայենշտեֆան-Թրիսդորֆ համալսարանի միջազգային կրթության բաժնի ղեկավարը, ներկայացրեց Վայենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանի կառուցվածքը և ծրագրերը։
Թիմն այցելեց Թրիսդորֆի անասնաբուծության ուսումնական ֆերմա և ուսումնասիրեց թվային անասնագոմի տեխնոլոգիաները՝ ներառյալ ավտոմատացված կերակրման և կթման համակարգերը, կենդանիներին կցված իրերի համացանցի (IoT) սարքավորումները և այլն։ Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան հանդիպելու ֆերմերների և ուսումնասիրել նրանց գործող ֆերմաներում կիրառվող տեխնոլոգիաները։
Շաբաթվա ընթացքում դոկտոր, պրոֆեսոր Պատրիկ Նոակը մանրամասն խոսեց ճշգրիտ գյուղատնտեսության հայեցակարգերի և տեխնոլոգիաների, ԱԹՍ-ների, խելացի սենսորների, ԳՏՀ-ների, արբանյակային պատկերների, գյուղատնտեսության մեջ կիրառվող իրերի համացանցի (IoT), տվյալների հավաքագրման և իրական ժամանակում մշտադիտարկման մասին։ Թիմի անդամները աշխատեցին աշխարհագրական տվյալների հետ՝ օգտագործելով QGIS, Qfield և այլ համակարգչային ծրագրեր։ KoDA-ի ներկայացուցիչ Ալեքս Շմիդտը ներկայացրեց գերմանական օրինակելի ուսումնական մի ֆերմայում կիրառվող իրերի համացանցի բազմաթիվ լուծումներ (հողի առողջություն, պտղաբերություն և ջրի կառավարում)։
Համալսարանի նախագահ Էրիկ Վեուլլիետը թիմին ընդունեց Վայենշտեֆան համալսարանի՝ Ֆրայզինգում գտնվող մասնաճյուղում և ներկայացրեց համալսարանի ընդհանուր գործունեությունը։ Թիմը դիտարկեց համալսարանական ջերմատանը խելացի հողագործության իրականացումը։
Ծրագրի վերջին օրը Արամ Արիստակեսյանը մասնակիցների հետ քննարկեց համագործակցության հնարավորությունները, ֆինանսավորման մեխանիզմները և հետագա դասընթացների կամ փոխանակման ծրագրերը։
Ուսումնական այցի ընթացքում Թրիսդորֆի գյուղատնտեսական ուսուցման կենտրոնը կազմակերպեց մշակութային էքսկուրսիաներ դեպի Անսբախ, Վյուրցբուրգ, Ռոտենբուրգ օբ դեր Տաուբեր, Մյունխեն և Նյուրնբերգ քաղաքներ։