Երբ երազանքներն իրականություն են դառնում

«Ագրարային համալսարանում ուսանելու տարիներին հաճախ երազում էի ուսանողական ճամբարի մասին։ Ի՞նչ իմանայի, որ հենց ինձ է վիճակվելու այդ գաղափարի իրագործումը»:

Լուսինե Թադևոսյան, ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ղեկավար

       

«Ագրոճամբար» ուսումնական կենտրոնի հիմնադրումը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հիմնաքարերից մեկն է։ Քչերը գիտեն, որ ծրագրի հենց այդ բաղադրիչն է գրավել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ուշադրությունը, որովհետև հիմք է դրվել ծրագրի ներկայիս ընդլայնված տարբերակին։ Կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող Նորարարական գյուղատնտնեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ գործակցությամբ։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի մշակման գործում ներդրում են ունեցել և՛ ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, և՛ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը, և՛ ծրագրի ղեկավար Լուսինե Թադևոսյանը։

«Ագրոճամբարը հիանալի և կարևոր հավելում է Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը: Այն կհարստացնի գյուղատնտեսության և ագրոբիզնեսի հետ կապված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաև երիտասարդ մասնագետների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները», - իր խոսքում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն՝ 2021թ-ի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած կենտրոնի բացման արարողության ժամանակ։

                             

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը կարևոր համարեց «Ագրոճամբար»-ում ամառային դպրոցների միջոցով ՀԱԱՀ ուսանողների ու շրջանավարտների ներգրավվածությունը, շեշտելով, որ կենտրոնում կներդրվեն դասավանդման նոր մեթոդներ և կվերապատրաստվեն ոլորտային դասախոսներ։ «Ագրոճամբարում մեծապես կարևորվելու են էկոկրթությունը, սննդամթերքի անվտանգությունը, շրջանաձև տնտեսությունը, թափոնների կառավարումը: Այսինքն, պատրաստելու ենք ժամանակակից գիտելիքներով ու մոտեցումներով զինված երիտասարդ մասնագետների, որոնք կզարգացնեն իրենց համայնքների, մարզերի և ողջ երկրի տնտնեսությունը», - ասաց նա:

                                                                 

ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը կարևորեց ուսումնական կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը՝ «Ագրոճամբարը» համարելով «հիանալի առաջատար օրինակ» երկրի գյուղատնտեսության զարգացման համար: Նա հույս հայտնեց, որ «մոտ ապագայում երկրում կստեղծվեն նոր նմանատիպ կենտրոններ»:

«Ագրարային համալսարանում ուսանելու տարիներին հաճախ երազում էի ուսանողական ճամբարի մասին։ Ի՞նչ իմանայի, որ հենց ինձ է վիճակվելու այդ գաղափարի իրագործումը»,- Լուսինե Թադևոսյանի այս հուզական խոսքով մեկնարկեց Ագրոճամբարի բացման արարողությունը:

Ո՞վ գիտե, թե ինչպես են իրականանում երազանքները, և արդյո՞ք կկատարվեր Լուսինե անունով երիտասարդ ուսանողուհու իղձը, եթե նա չգնար իր երազանքի հետևից՝ դրսևորելով կամք, հետևողականություն ու նվիրվածություն։ Գուցե հենց այդ հատկությունների շնորհիվ է, որ ուսանողական ճամբար ստեղծելու իր ցանկության իրականացման ճանապարհին նա հանդիպեց այն մարդկանց, որոնց օգնությամբ մշակվեց ու ֆինանսավորվեց այս ծրագիրը, ինչպես նաև ստեղծվեց հրաշալի մի թիմ, որի ջանքերով հիմնադրվեց «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնը։

Ընտրացանկ
hyARM