Նոյեմբերի 26-27, 2022թ․
Թափոնների կառավարումը որպես համաշխարհային մարտահրավեր, էկոլոգիական հիմնախնդիրների հիմնական պատճառները ՀՀ-ում և աշխարհում, բնապահպանական խնդիրները, գազային արտանետումների ազդեցությունը երկրի ջերմաստիճանի վրա, ինչպես պահպանել տարածքը կենսաբանորեն արդյունավետ, ինչ է ածխածնային և էկոլոգիական ոտնահետքը․․․
Այս և թեմային վերաբերող կարևոր այլ հարցերի շուրջ նոյեմբերի 26-ին և 27-ին ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ICARE հիմնադրամում իրականացվեց «Նորարարական մոտեցումները թափոնների կառավարման մեջ» թեմայով երկօրյա դասընթաց։ Դասընթացին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ուսանողներ և գյուղատնտեսությամբ զբաղվող երիտասարդներ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու որոշեցիք մասնակցել այս դասընթացին, երիտասարդներից մեկն ասաց․ «Աղբ հավաքելը ինձ ապրեցնում է»։
Տեսական մասից զատ ուսանողները մեծ ավյունով իրականացրեցին «Թափոնից արվեստ» խորագրով գործնական աշխատանքներ, ցուցադրելով իրենց ստեղծագործական մտքի անսպառ ներուժը։
Դասընթացը վարեց Մխիթար Ավետիսյանը՝ ISSD - Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական կազմակերպության նախագահն ու համահիմնադիրը:
Այն փաստը, որ ՀՀ-ում աղբի 3%-ը կազմում է պոլիէթիլենը, այսինքն՝ ամսական 60մլն տոպրակ, ապշեցրեց ուսանողներին։ Այդ մասին պատմեց դասընթացի հյուր-բանախոս, Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարության քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը, ներկայացնելով թափոնների կառավարման ՀՀ-ում գործող օրենսդրական դաշտը, դրանում առկա բացերն ու կատարված բարեփոխումները։
Բանախոսը նշեց, թե ինչքան երկար է տևում թափոն հանդիսացող պոլիէթիլենային տոպրակների քայքայումը։ «Աղբ նետելիս մարդիկ գրեթե չեն մտահոգվում դրա հետևանքների մասին։ Այդ պատճառով իրականացվել է օրենքի փոփոխություն», - ասաց Արթուր Ղավալյանը։