ՀՀ-ում Սիդրի արտադրության հնարավորության ուսումնասիրություն

Հետազոտական փորձի անվանում` Խնձորի գինու՝ սիդրի արտադրության հնարավորության ուսումնասիրությունը ՀՀ-ում՝ օգտագործելով տարբեր չոր ակտիվ խմորասնկեր

Ուսանող՝ Ամալյա Իսկանդարյան, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաներ; Մասնագիտություն՝ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

Գիտական ղեկավար՝ Միքայել Միքայելյան, տեխն. գիտ. թեկնածու, ինժեներ-տեխնոլոգ, ՀԱԱՀ ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, Երևանի գինու ակադեմիայի գինու լաբորատորիա

Հետազոտության նպատակը՝ ուսումնասիրել Հայաստանում տարածված խնձորի սորտերից սիդրի արտադրության տեխնոլոգիան՝ մասնավորպես օգտագործելով սիդրի արտադրության համար նախատեսված չորս տեսակի խմորասնկեր։

Հետազոտության արդյունքները․

  • 2022 թվականի մայիսի 23-29-ը դրամաշնորհառուն մասնակցել է ՀԱԱՀ-ի կողմից կազմակերպված Ուսանողական գիտական շաբաթին, որի ընթացքում միջֆակուլտետային և միջբուհական գիտաժողովներում ներկայացրել է զեկույց «Խնձորի գինու՝ սիդրի արտադրության հնարավորության ուսումնասիրությունը ՀՀ-ում՝ օգտագործելով տարբեր չոր ակտիվ խմորասնկեր» թեմայի շուրջ.
  • Ուսանողը մշակել և հրատարակել է հետևյալ գիտական աշխատությունը․

Ա.Խ. Իսկանդարյան, Մ.Ն. Միքայելյան, Է.Ռ.Գևորգյան Ն.Գ. (2022)«Հայաստանում սիդրի արտադրության հնարավորության ուսումնասիրությունը՝ օգտագործելով տարբեր չոր ակտիվ խմորիչներ»,«Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերական, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, հ. 4 No 80 (2022). Հասանելի է այստեղ https://library.anau.am/images/stories/grqer/agro-tex/2022-4/iskandaryan_mikaelyan.pdf

Ուսումնասիրության հիմքում ընկած պատմությունը

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

  • Այս հետազոտությունը կարող է նպաստել սիդրի` որպես թույլ ալկոհոլային մրգային խմիչքի արտադրության զարգացմանը Հայաստանում։
  • Իմ հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում տարածված խնձորի սորտերից սիդրի արտադրության տեխնոլոգիան՝ մասնավորապես օգտագործելով սիդրի արտադրության համար նախատեսված չորս տեսակի խմորասնկեր։
  • Հետազոտությունը թույլ կտա բացահայտել կիրառվող խմորասնկերի արդյունավետությունն ու առավելությունները, որի արդյունքում կստանանք բարձր որակի ըմպելիք՝ նվազեցնելով խոտանված խնձորի թափոնների քանակը։
  • Որպես սկսնակ գինեգործ ինձ միշտ հետաքրքրել է տարբեր ալկոհոլային խմիչքների արտադրությունը՝ այդ թվում նաև թույլ ալկոհոլային մրգային խմիչքները, որոնց մասին արդի հետազոտություններ գրեթե չկան։ Պտուղների մշակության համար Հայաստանի բարենպաստ բնակլիմայական պայմանները, խնձորի թարմ սպառումից ու վերամշակումից առաջացող թափոնների նվազեցման հնարավորությունը և արտադրողների, ինչպես նաև սպառողների կողմից աճող հետաքրքրությունը նմանատիպ խմիչքների նկատմամբ ինձ հանգեցրին Հայաստանում սիդրի արտադրության հետ կապված ուսումնասիրություն իրականացնելու մտքին։
  • Տեղեկանալով ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի «Հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ ՀԱԱՀ ուսանողների համար» գրանտային ծրագրին՝ մտածեցի, որ լավ կլիներ իրականացնել իմ այս միտքը՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից։ Ներկայիս ուսումնասիրության գիտական ղեկավար Միքայել Միքայելյանի հետ ծանոթ էինք դեռ EVN Գինու ակադեմիայում սովորելու տարիներից։ Նա կիսեց իմ ոգևորությունը, և միասին որոշեցինք ուսումնասիրել սիդրի արտադրության հնարավորությունը ՀՀ-ում՝ օգտագործելով տարբեր չոր ակտիվ խմորասնկեր։

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։

  • Ի սկզբանե թեման ինձ շատ հետաքրքիր էր թվում, սակայն չգիտեի` ինչով կավարտվի։ Հետազոտության ընթացքում, երբ արդյունքներն ավելի շոշափելի դարձան, հետաքրքրությունս ավելի մեծացավ և ցանկություն առաջացավ առավել խորությամբ ուսումնասիրել սիդրի արտադրության ողջ ընթացքը։

             

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

  • Թերևս արդեն հասցրել էի սիրել լաբորատորիայի կյանքը և՛ EVN գինու ակադեմիայի դասընթացների շրջանակներում, և՛ Նորվեգիայում մոլեկուլյար կենսաբանության ուսումնասիրությունների ու դրան նախորդած ՀԱԱՀ-ի կենսատեխնոլոգիաների դասընթացների շրջանակում ունեցած փորձի արդյունքում։ Սակայն այս հետազոտության ընթացքում կարողացա զարգացնել գիտական հետազոտության մոդելավորման կարողություններս, լաբորատորիայում աշխատելու ունակություններս, անալիտիկ մտածողությունս, ինչպես նաև գիտական ղեկավար և հետազոտող փոխհարաբերություններում շփման հմտություններս:

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

  • Գիտական հետազոտություն իրականացնելը` ինչքան գրավիչ և հետաքրքրական է, այնքան էլ պահանջում է մշտական ուշադրություն, նորարարական մոտեցումներ, անդադար պրպտող միտք և, իհարկե, նյութական ու ֆինանսական միջոցներ։ Ուստի` առանց համապատասխան գիտական միջավայրի hետազոտություն իրականացնելը գրեթե անհնար է։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հիանալի հնարավություն ընձեռեց իրագործելու իմ հետազոտական նպատակները։
  • Այս հետազոտությունն իրականացնելու գործում մեծ է EVN գինու լաբորատորիայի դերն ու աշխատակիցների կողմից ցուցաբերած պատրաստակամությունն ու օժանդակումը։ Հետազոտության համար անհրաժեշտ խնձորի հյութը մեզ տրամադրեց խոշոր արտադրողներից մեկը, իսկ խմորասնկերն ու դրանց կիրառման մասնագիտական խորհրդատվությունը տրամադրեց LabCare&Consulting ընկերությունը, որը հանդիսանում է Fermentis ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։     

                                                                        

Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

  • Հետազոտության ընթացքում ինձ մոտ ցանկություն առաջացավ ավելի խոր ու մանրազնին ուսումնասիրություններ կատարել և մշակել ձեռնարկ/ուղեցույց՝ սիդրի արտադրությամբ զբաղվել ցանկացող արտադրողների համար։
  • Նաև նպատակ ունեմ դիմել ասպիրանտուրա՝ տեսական ու պրակտիկ մասնագիտական գիտելիքներս խորացնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու նպատակով։

3 մեկնաբանություն.

  • Նարինե Բաբայան
    Ապրիլի 29, 2022 1:11 ե.

    Արդեն ունեք որևէ հրապարակում կամ ձեռնարկ արտադրության մանրամասներով?Եթե այո ինձ էլ է հետաքրքրում։Շնորհակալություն։

    • Նարինե Բաբայան
      Ապրիլի 29, 2022 1:13 ե.

      Արդեն ունեք որևէ հրապարակում կամ ձեռնարկ արտադրության մանրամասներով?Եթե այո ինձ էլ է հետաքրքրում։Շնորհակալություն։

    • Հարգելի Նարինե,
      Շնորհակալ ենք հետաքրքրության համար, նման հետազոտություն կատարվում է առաջին անգամ և դեռեւս ընթացքի մեջ է, հետազոտության ավարտին կհրապարակի գիտական հոդված:
      Եթե այս պահին հետաքրքրված եք հետազոտության ընթացքով, կարող ենք տրամադրել հետազոտող խմբի կոնտակտային տվյալները:
      Խնդրում ենք շարունակել հետևել մեզ սոցիալական հարթակներում, որտեղ պարբերաբար կտեղադրվեն իրականացվող հետազոտությունների մասին տեղեկատվություն։

Ընտրացանկ
hyARM