ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի միասնական տաղավարի ներքո ծրագրի շահառուները մասնակցեցին «ArmProd Expo 2023» հանրապետության միջազգային պարենային ցուցահանդեսին, որը կոչված է խթանել որակյալ սննդամթերքի արդյունավետ վաճառքը և ապահովել այնպիսի միջավայր, որտեղ հայրենական արտադրողները կարող են նոր կապեր հաստատել առաջատար արտադրողների և դիստրիբյուտորների հետ։
Երեք օր ընթացող «ArmProd Expo 2023» ցուցահանդեսին ներկայացվեցին մեր շահառուների հետևյալ ապրանքանիշերն ու արտադրատեսակները․
- «Երփին» ԳԿ-ի "ArtCheese" ապրանքանիշը;
- Fruit Food – շոկոլադապատ չրերի, պաստեղների, մրգային լավաշների, չրի արտադրություն;
- «Garni Garden» ապրանքանիշը /նուշ, ընկույզ, պիստակ/;
- «Փարինջ» ապրանքանիշը՝ օրգանական ձավար և օրգանական ձավարի ալյուր և այլն;
- «lemontani» ապրանքանիշը / պանրի արտադրություն/;
- Bio Berry ջերմոցային ելակի արտադրություն;
- Arega Honey /մեղր/;
- Alpia ընկերության նորարար մեղվափեթակները և մեղր;
- MEEJ-ի մեղրաջուր՝ խելացի բաժակներով;
- «Mornin» ապրանքանիշի մուսլիները։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ով այցելել էր ցուցահանդես, մեր շահառուների հետ քննարկեց պետական աջակցության ծրագրերում նրանց մասնակցության հնարավորություններն ու մարտահրավերները։
Մասնավորապես, «Երփին» ԳԿ-ի հիմնադիր Արթուր Նազարյանը տեղեկացրեց, որ սահմանափակումներ են առաջացել պանիրը դեպի Ռուսաստան արտահանելու գործում։ Պրն․ Խոջոյանը նշեց, որ խնդրին ծանոթ է և խոստացավ հնարավորինս արագ արձագանքել։
MEEJ յուրահատուկ բաժակներով մեղրաջուրը հաճելիորեն զարմացրեց փոխնախարարին։ Բանն այն է, որ Արման Խոջոյանը մեր ծրագրի Ագրիթոն ստարտափ գաղափարների մրցույթում հանձնաժողովի անդամներից էր, որտեղ Տիգրան Հարությունյանը հաղթող դարձավ՝ իր բաժակների ստեղծման գաղափարով։ «ԱԳՐԻ ՔԵՄՓԻ աջակցությամբ և Ձեր խորհուրդների շնորհիվ ես կարողացա այդ իսկ բաժակներով մեղրաջրի արտադրություն հիմնել։ Հիմա այն հետաքրքրություն է առաջացրել ինչպես տեղի սպառողների, այնպեսև արտասահմանցիների շրջանում» - պրն․ Խոջոյանի հետ զրույցի ժամանակ ասաց Տիգրան Հարությունյանը։
«Mornin» ապրանքանիշի մուսլիները, որոնք պատրաստվում են տեղական արտադրության չրերով, նույնպես գրավեցին Արման Խոջոյանի ուշադրությունը։ Փոխնախարարն այն որակեց որպես «առանձնակի կարևոր նշանակության արտադրություն», քանի որ այն սպառման հնարավորություն է ստեղծում նաև ապրանքային տեսք չունեցող տեղական որակյալ չրերի համար։
Միջոցառման բոլոր երեք օրերի ընթացքում ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի տաղավարների մոտ աշխուժություն էր տիրում։ Արտասահմանցի այցելուները մեծաքանակ գնումներ էին կատարում՝ թե՛ որպես նվեր, թե՛ որպես նմուշ՝ հետագա ցուցադրությունների համար։
Հոկտեմբերի 20-22-ն ընթացող «ArmProd Expo 2023» ցուցահանդեսը տեղի ունեցավ "Yerevan" EXPO ցուցահանդեսային համալիրում։
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շահառուների համար այս ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն էր արդյունավետ ու փոխշահավետ բիզնես կապեր ստեղծելու համար։