«Մորնին» ապրանքանիշի հաջողության գաղտնիքը

“Եթե Ձեր կյանքի տեմպն արագ է և դուք ձեր աշխատանքային օրն սկսում եք շատ վաղ՝ գերհագեցած աշխատանքային միջավայրում, նախաճաշելու ժամանակ չունեք, բայց ուզում եք առողջ լինել, ուրեմն օգտագործեք մուսլի», -խորհուրդ է տալիս «Մորնին» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Մագդա Կարապետյանը։

Իսկ եթե անտարբեր չեք հայկական չրեղենի և ընդեղենի նկատմամբ, ապա ձեզ հաճելիորեն կզարմացնեն «Մորնին» ապրանքանիշի հայկական մուսլիների և մուսլի բատոնների արտադրատեսակները։

Սննդաբաններն հավաստիացնում են, որ մուսլիների կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն կարող է ունենալ նյութափոխանակության վրա՝ բարելավելով մաշկն ու մազերը, ինչպես նաև նպաստելով քաշի նորմալացմանը:

   

Բայց ինչպե՞ս ստացվեց, որ բանկային ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնող երիտասարդ կինը որոշեց զբաղվել մուսլիների արտադրությամբ։ Մագդայի հետ մեր զրույցի ընթացքում այս և այլ հարցերի շուրջ մի շարք հաճելի բացահայտումներ արեցինք։

Պարզվեց, որ մասնագիտությամբ տնտեսագետ բազմազբաղ Մագդա Կարապետյանի համար վաղուց ի վեր մուսլին կատարյալ նախաճաշ է եղել, քանի որ այն “ոչ միայն արագ է պատրաստվում, այլ նաև համեղ է, բնական և առողջարար”: “Եվ, ուրեմն», հաճախ մտածում էր նա, «այլ երկրների ստեղծած արտադրանքը ներմուծելու փոխարեն, ինչու՞ չունենալ մուսլի՝ հայրենական արևահամ մթերքով»։

Եվրոպայում շրջագայելուց և մուսլիների բազմաթիվ տեսակներ փորձելուց հետո Մագդա Կարապետյանը ձեռնամուխ եղավ Հայաստանում մուսլիների արտադրությանը։ Արարատ մարզի Դաշտավան գյուղում 2021 թվականին նա հիմնադրեց մուսլիների հայկական առաջին ընկերությունը՝ «Մորնին» ՍՊԸ-ն, որն արտադրում է մուսլիներ տեղական հումքով՝ առանց շաքարի և որևէ արհեստական հավելումների։

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ ձեռքբերված արտադրական հոսքագծի և փաթեթավորման սարքի շնորհիվ, արտադրանքի մեխանիկական աշխատանքները հաջողվեց ավտոմատացնել, մուսլի բատոնների փաթեթավորումը դարձավ առավել հուսալի և դյուրին։ Զգալիորեն ավելացան նաև մուսլի բատոնների արտադրության ծավալները, ինչպես նաև արտադրանքի պահպանման ժամկետը։ Ներկայում ընկերությունն արտադրում է տասից ավելի համային տեսակների բատոններ։ Ավելին, նոր սարքի շնորհիվ ձեռքբերված արտադրական հզորությունը այժմ թույլ է տալիս նաև արտապատվերներ իրականացնել այլ բրենդերի բատոնների փաթեթավորման համար։

Ընկերության տեխնիկական բարելավումով համայնքի բնակիչներից ոմանք կայուն եկամուտ ունենալու հնարավորություն ստացան, իսկ Հայաստանի շուկան հարստացավ գեղեցիկ փաթեթավորմամբ առողջարար սննդամթերքի նոր տեսականիով։

Ընկերությունը ստեղծում է նպատակային նշանակության տարբեր բաղադրատոմսեր, օգտագործելով միմիայն հայկական չրատեսակներ՝ սալոր, ծիրան, խնձոր, դեղձ։ «Մորնին» ապրանքանիշի արտադրատեսակներն առանձնանում են միջազգային չափանիշներին համահունչ բրենդավորումով և փաթեթավորման բարձր որակով։ Դրանում համոզվելու առիթ են ունեցել մասնավորապես PanArmenian 2023, ArmProd Expo 2023, Wine and more: “Business Market 2024” ցուցահանդեսների այցելուները։ Ազգային այս ցուցահանդեսներին ընկերությունը հանդես է եկել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ՝ ԱԳՐԻ ՔԵՄՓ/USAID միասնական տաղավարի ներքո։

«Մորնին»-ի արտադրատեսակներն այսօր արդեն ներկայացված են հայկական սուպերմարկետներում, դեղատնային ցանցերում, սրճարաններում, ինչպես նաև առողջ ու բարենպաստ աշխատանքյաին միջավայրի ձգտող խոշոր կորպորատիվ ընկերություններում։

Շարունակ բարելավվող արտադրական գորընթացները նպաստեցին, որ «Մորնին» ՍՊԸ-ն հանդես գա նաև միջազգային այնպիսի ցուցահանդեսներում, ինչպիսիք են Դուբայում տեղի ունեցած Gulfood 2024 և Փարիզում վերջերս կայացած SIAL-ը։

«Մորնին» ՍՊԸ-ն ապագայում նախատեսում է արտադրել յուրահատուկ բաղադրատոմսերով և դիզայնով թեյեր, բուսական կաթեր և յոգուրտներ, ինչպես նաև ստեղծել “առողջ” սրճարանների ցանց։ Բացի այդ, կա սահմանված ևս մի նպատակ՝ ստեղծել մրգերի սեփական չրանոցներ, ինչը զգալիորեն կիջեցնի արտադրության ինքնարժեքը։

Ընկերության հաջողությունը թերևս մեծամասամբ պայմանավորված է Մագդայի անձնային որակներով՝ մարդկանց օգտակար լինելու և շարունակ կատարելագործվելու անկեղծ ու անթաքույց ձգտումով։

Մեր հարցին, թե ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը, Մագդա Կարապետյանը պատասխանեց այսպես․ “Ջոն Դ. Ռոքֆելլերը կարծում էր, որ էնտուզիազմը վճռորոշ գործոն է հաջողության հասնելու համար: Աշխատանքի և կյանքի հանդեպ նման մոտեցումը օգնում է տեսնել հնարավորությունները, հաղթահարել դժվարությունները և հասնել նպատակներին”:

Մնում է ասել՝ միանգամայն ողջունելի մոտեցում: ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը մշտապես աջակցում է խանդավառ կին ձեռներեցներին, ովքեր պատրաստ են կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ ընդլայնելու հայկական ապրանքների արտադրությունը և դրանք ներկայացնելու տեղական և միջազգային սպառողներին՝ բարձր որակով:

Ընտրացանկ
hyARM