«Մեր պանրի համի մասին լեգենդներ են հյուսում», ասում է ՍՊԸ-ի հիմնադիր և սեփականատեր Մյասնիկ Գրիգորյանը։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում 2006 թվականին հիմնադրված գործարանը հարուստ է հայկական, իտալական և վրացական պանիրներով, որոնք ստացվում են բացառապես բնական բարձրորակ կաթի օգտագործմամբ՝ առանց վնասակար հավելումների և բուսայուղերի կիրառման։
Սյունիքի մարզի հինգ բնակավայրերի գրեթե 100-ից ավելի գյուղացիական տնտեսություններից հավաքվող կաթը որակյալ և համեղ պանրատեսակների վերածելու համար, անշուշտ հարկավոր է ունենալ ժամանակակից սարքավորումներ։ Ընկերությունն իր դիրքը շուկայում ապահովում է բարձրակարգ տեխնիկայի կիրառման, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, աշխատակիցների բարձր կարգապահության, ֆերմերների հետ ամենօրյա աշխատանքի ապահովման, հումքի որակի բարելավման, ինչպես նաև առաջատար մասնագետների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ:
Կազմակերպության ձեռքբերումներին կարելի է դասել նաև նաև HACCP, Hazard Analysis and Critical Control Points ստանդարտի ներդրումը և ISO 22000-2015, ISO 22000-2018 սերտիֆիկացումների անցկացումը, ինչպես նաև Ոսկե դափնի, Սպառողի գնահատական, Որակի նշան մրցանակները:
Յուրաքանչյուր տարի ավելանում է արտադրանքի տեսականին, կիրառվում են միջազգային փաթեթավորման նոր տեսակներ՝ եթե նախկինում առկա էին 3-4 տեսակի փաթեթավորված արտադրանք, այսօր դրանք 10-ից ավելի են:
Վերջերս ICARE հիմնադրամի ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ Բորիսովկա ՍՊԸ-ն ձեռք բերեց Մոցարելլա պանրի պատրաստման նոր մոդելի ևս մեկ սարքավորում: Նոր սարքավորումների ձեռք բերման շնորհիվ զգալիորեն ավելացել է բուրրատտա և ստրաչատելլա նոր պանրատեսակների արտադրությունը։
Առհասարակ, ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը մշտապես ձգտում է իր շահառուներին ցուցաբերել բազմակողմանի օգնություն։ Տեխնիկական աջակցությունից զատ, ծրագիրը նպաստում է նաև իր շահառուների արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, նոր բիզնես կապերի ձևավորմանն ու բիզնեսի ամրապնդմանը ՝ ցուցահանդեսների, բիզնեսը բիզնեսի համար B2B միջոցառումների, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության ու վերապատրաստման դասընթացների միջոցով։
Բորիսովկա ՍՊԸ-ն ցուցահանդեսներից մեկում հանդես եկավ ԱՄՆ ՄԶԳ/ԱԳՐԻ ՔԵՄՓ տաղավարի ներքո, ուր մեծ աշխուժություն էր տիրում։ Պանիրները համտեսելու համար մոտենում էին ոչ միայն տեղացիները, այլև, արտերկրից ժամանած հյուրերը։
«Ես սիրում եմ ճամփորդելիս տարբեր պանիրներ փորձել», ասաց այցելուներից մեկը, «Պանրի բոլոր տեսակները՝ հայկական թե եվրոպական, արտադրվում են, իհարկե, տվյալ երկրին բնորոշ տեխնոլոգիաների կիրառմամբ, սակայն Բորիսովկայի յուրաքանչյուր տեսակի պանիր համտեսելիս թվում է, թե այդ պանրի ծագման երկրում ես գտնվում»:
Հյուրերին զարմացրեց այն փաստը, որ պանրի անվանումն արտացոլում է Հայաստանի Սյունիքի մարզի Բորիսովկա գյուղի (այժմ Ծղուկ) անունը, որտեղ ծնվել է «Բորիսովկա» ՍՊԸ հիմնադիր Մյասնիկ Գրիգորյանը։ Ավարտելով Սիսիան քաղաքի միջնակարգ դպրոցը, նա ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, այնուհետև դարձել ԵՊՀ-ի Քաղաքատնտեսության ամբիոնի ասպիրանտ և 22 տարի դասախոսել Երևանի Պետական Համալսարանում։
2006թ-ին Մյասնիկ Գրիգորյանն իր ծննդավայրում որոշեց հիմնադրել պանրի գործարան։ Ի դեպ Հայաստանում «Բորիսովկա» -ն առաջինն է արտադրել իտալական տեսակի մոցարելլա պանիր, որի տարածմանն ու արտադրական տեսականու ընդլայնմանը սիրով մասնակցել է նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը։