ԱՄՆ փորձագետները համտեսում են հայկական գինին

2023 թ․ ապրիլի 23-27-ը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի և Storica Wines ընկերության համագործակցության արդյունքում ԱՄՆ-ից հրավիրված գինու լրագրողները, սոմելյերները և գինու մասնագետները համտեսեցին հայկական գինիներ: Storica Wines-ը ԱՄՆ-ում հայկական գինի ներմուծող ընկերություն է: Ներկայում այն համագործակցում է Հայաստանի 4 գինեգործարանների հետ։

Միջազգային դիստրիբյուտորների հետ նոր կապերի ստեղծումը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի առանցքային տարրերից մեկն է, որը միտված է շուկաների ընդլայնմանն ու արտահանման ծավալների մեծացմանը:

Գինու այս կարճ շրջայցի համար նախատեսված օրակարգը բավականին խիտ էր։ Գինու համտեսին զուգահեռ այն ներառում էր տեսարժան վայրերի այցելություն, ծանոթություն երկրի խոհանոցին ու ավանդույթներին և այլն։ Բայց հիմնական նպատակը հայկական գինեգործության ներուժը ներկայացնելն էր։

                        

Հյուրերը հիացած էին Հայաստանի բարենպաստ կլիմայով և խաղողի այգիներով։ Գինեգործարաններից մեկում առաջարկված այսպես կոչված ուղղահայաց համտեսը հետաքրքիր և բովանդակալից էր: Գինու համտեսն, առհասարակ, հիանալի հնարավորություն է տալիս փորձարկել և համեմատել գինիների տարբերությունները։ Այդուհանդերձ, ավանդական համտեսի ժամանակ սովորաբար առաջարկվում են գինու տարբեր տեսակներ, իսկ գինու ուղղահայաց համտեսի դեպքում՝ նույն գինու տարբեր բերքահավաքներ: Այցելուներին հետաքրքիր էր ծանոթանալ նաև Հայաստանի գինեգործարաններում կիրառվող գինու հնեցման եղանակներին: Կարասների մեջ գինու խմորումն ու հնեցումը, որը հայ գինեգործության հնագույն ավանդույթներից է, հատուկ ուշադրության արժանացավ։

Այցելելով գինեգործարաններ և հատկապես խաղողի այգիներ հյուրերը բացառիկ հնարավորություն ստացան ծանոթանալու ոչ միայն տեղագրությանն ու տեռուարին, այլ նաև հայ գինեգործների առջև ծառացող մարտահրավերներին ու դրանց հաղթահարման եղանակներին։ Իսկ դեպի գինեգործարաններ տանող ճանապարհներին կազմակերպված պատմական շրջայցերը միտված էին երկրի զբոսաշրջային ներուժի բացահայտմանը։

              

Երևանի ռեստորաններում և բարերում հյուրերը փորձարկեցին գինիներ խաղողի տարբեր տեսակներից և քննարկեցին ԱՄՆ շուկայում դրանց սպառման հնարավորությունները։ Նրանք ծանոթացան նաև գինու մատուցման տեղի ավանդույթներին։ Մասնավորապես, գինու մասնագետներին հետաքրքրում էր, թե ինչ ջերմաստիճանի և ինչ բաժակների մեջ են այստեղ մատուցում գինին։ Հյուրերից ոմանք ռեստորանների սեփականատերեր էին, ուստի հարց ու պատասխանի միջոցով համեմատություններ էին անցկացնում ու կիսում սեփական փորձը։

Ապրիլի 26-ին ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը կազմակերպեց ևս մեկ գինու համտես՝ փորձագետներին հայկական գինիների ավելի լայն տեսականի ներկայացնելու համար: Միջոցառման 12 մասնակից գինեգործական ընկերությունները հիմնականում հանդիսանում էին ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի և Հայաստանում գյուղական տնտեսական զարգացման նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) ծրագրի շահառուներ, ինչպես նաև Հայաստանի գինիներ (Wines of Armenia) ընկերության անդամներ։

                    

Հյուրերի դրական արձագանքներն ու անթաքույց հետաքրքրությունը հույս ներշնչեցին, որ շուտով ականատես կլինենք ԱՄՆ-ում ներկայացված հայկական գինիների պահանջարկի աճին։

Հյուրերի դրական արձագանքներն ու անթաքույց հետաքրքրությունը հույս ներշնչեցին, որ շուտով ականատես կլինենք ԱՄՆ-ում ներկայացված հայկական գինիների պահանջարկի աճին։

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում տեղի ունեցած միջոցառումը, որը կայացավ AgriHUB-ում՝ ICARE-ին պատկանող Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում, ուշագրավ իրադարձություն էր։ Գինու փորձագետներին հանձնվեց 2023 թվականի Հայաստանի գինու թարմացված քարտեզի մոտ 60 օրինակ, որոնք կբաժանվեն ԱՄՆ-ում գինի սիրողների և հայկական գինիներով հետաքրքրվող փորձագետների շրջանում։

Վերջում հյուրերը ցանկություն հայտնեցին լուսանկարվել հայ ականավոր գրող և հասարակական գործիչ Զապել Եսայանի հուշարձանի ներքո։ Ի դեպ, սա Զապել Եսայանի առաջին և առայժմ միակ հուշարձանն է Հայաստանում։ Հյուրերը մեկնեցին, ստանալով ICARE հիմնադրամի շրջանավարտների ձեռքերով պատրաստված անհատական նվերներ:

                   

Ազդեցիկ անձանց այցելությունները կարևոր դեր են խաղում ցանկացած ոլորտում։ Հուսով ենք, որ գինու այս շրջայցը արդյունավետ կլինի ոչ միայն ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի և ICARE հիմնադրամի համար, այլ նաև կնպաստի հայկական գինեգործության հետագա զարգացմանը։

 

          

          

         

         

Ընտրացանկ
hyARM