«ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի նոր բաղադրիչը, որը կարևոր նշանակություն ունի մեր երկրի պարենային անվտանգության ապահովման գործում, հուսալի ձեռքերում է, քանի որ այն ղեկավարում է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ու հզորացման գործում մեծ ավանդ ունեցող, փորձառու մի անձնավորություն», - ասաց Լուսինե Թադևոսյանը, բացելով AgroTwin «Գյուղատնտեսական տվյալների և քարտեզագրման համակարգի նախագծում, փորձարկում և ստուգում» բաղադրիչի մեկնարկին նվիրված աշխատաժողովը։
Աշխատաժողովին, որը տեղի ունեցավ 2024 թ․-ի մայիսի 31-ին, մասնակցեցին ներկայացուցիչներ կառավարությունից, ԱՄՆ ՄԶԳ-ից, ծրագրի գործընկեր կազմակերպություններից, ինչպես նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հին ու նոր շահառուներ։
Անդրադառնալով AgroTwin-ի մանրամասներին, բաղադրիչի ղեկավար և համակարգող Վարդան Ուռուտյանը նշեց, որ նոր բաղադրիչի շրջանակում նախատեսվում է երկրատեղեկատվական համակարգերի և հեռահար զոնդավորման հնարավորությունների օգտագործմամբ մշակել թվային երկվորյակ տեխնոլոգիա գյուղատնտեսության համար որպես նորարար և համապարփակ հարթակ՝ սեզոնային բերքի արդյունավետ կառավարման և ֆերմերային տնտեսությունների գործունեության օպտիմալացման համար։
«AgroTwin հարթակը կներառի տվյալների մի քանի վահանակներ, որոնք թույլ կտան քաղաքականություն մշակողներին, ֆերմերներին, ներդրողներին և գյուղատնտեսության հետազոտողներին մոդելավորել, պլանավորել ու վերլուծել` արդյունավետ որոշումներ կայացնելու, օպտիմալ քաղաքականություն մշակելու, պարենային անվտանգությունը բարելավելու և գյուղատնտեսությունն ավելի կայուն դարձնելու համար», - ասաց պարոն Ուռուտյանը:
ICARE-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ՄԶԳ-ին այս բարդ ու պատասխանատու գործը ԱԳՐԻ ՔԵՄՓ-ին վստահելու համար, ասաց, որ AgroTwin բաղադրիչի գործառույթները մեծապես կօգնեն ICARE-ին հասնելու իր առջև դրված ռազմավարական նպատակներին։
Բաղադրիչի մեկնարկը ողջունեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, կարևորելով թվային
տեխնոլոգիաների զանգվածային կիրառման անհրաժեշտությունը։ Պարոն Խոջոյանն իր խոսքում մասնավորապես
նշեց, որ թվային գյուղատնտեսության զարգացումը կառավարության առաջնահերթություններից է, ու «թեև այն դեռ
սաղմնային փուլում է», կառավարությունը պետք է ջանքեր չխնայի տվյալների հավաքագրման ու վերլուծման,
թվայնացման ու քարտեզագրման նորագույն մոդելների ու տեխնոլոգիաների մշակումը խթանելու և դրանք
գյուղատնտնեսության և այլ ոլորտներում ինտեգրելու համար։
AgroTwin-ի գլխավոր փորձագետ Բակրադ Բալաբանյանը ներկայացրեց թվային երկվորյակների ներուժը, որի
շնորհիվ հնարավոր կլինի «գյուղատնտեսության փոխակերպում իրականացնել»։
Անօդաչու թռչող սարքերից տվյալների ստացման, մշակման և վերլուծության մասին պատմեց անօդաչու թռչող սարքերի օպերատոր և թվային ֆոտոգրամետրիայի մասնագետ Սերյոժա Կարապետյանը․ «Անօդաչու թռչող սարքի և արբանյակների միջոցով պարբերաբար ձեռք են բերվում Շիրակի մարզի ցորենի դաշտերի վերաբերյալ տվյալներ, որոնք այնուհետև մշակվում են հեռահար զոնդավորման և աշխարհատեղեկատվական համակարգերի մասնագետների կողմից»։ Ձեռքբերված տվյալների բազմաթիվ համախմբերով ծրագրի թիմը նպատակ ունի ստեղծել և փորձարկել մեքենայական ուսուցման մոդելներ՝ բերքի կանխատեսման, հիվանդությունների հայտնաբերման, ինչպես նաև տարածքների նպատակահարմարության գնահատման համար։
AgroTwin բաղադրիչի շրջանակում ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմը համագործակցում է ՀԱԱՀ-ի և Տեխասի A&M համալսարանի AgriLife Research and Extension կենտրոնի անձնակազմերի հետ։ Աշխատաժողովի մասնակիցները լսեցին նաև AgriLife Research and Extension կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Խուան Լանդիվարի ելույթը՝ նվիրված Տեխասի A&M համալսարանի Կորպուս Քրիստի քաղաքում գտնվող AgriLife հետազոտական և գիտափյուռ կենտրոնի գործունեությանն ու իր դերին AgroTwin ծրագրում։ Իսկ ՀԱԱՀ-ի դոցենտ Ռուդիկ Նազարյանի ելույթը նվիրված էր ցորենի աճի մշտադիտարկմանն ու տեղանքի տվյալների ճշգրտման մանրամասներին։ Ելույթից մասնավորապես պարզ դարձավ, որ Շիրակի մարզում ցորեն արտադրող ֆերմերների և վարչական շրջանների ղեկավարների միջև արդեն իսկ իրականացվել են հարցումներ, ինչպես նաև հավաքվել են տարատեսակ տվյալներ՝ օրինակ, վերջին քսան տարվա ամսական առավելագույն, նվազագույն և միջին ջերմաստիճանները, տարեկան տեղումները «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, հողերի ֆիզիկաքիմիական կազմի արդյունքները «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, և այլն, որոնք այնուհետև կընդգրկվեն ArcGIS Online հարթակում։
«Այն որ այս կարևոր գործը մեզ են վստահել՝ դա մեծ պատիվ է և պատասխանատվություն», - ամփոփելով աշխատաժողովն ասաց ԱԳՐԻ ՔԵՄԹ ծրագրի ղեկավար Լուսինե Թադևոսյանը, «Այս նոր նշաձողը հաղթահարելու համար թիմն ունի մասնագիտական, ստեղծագործական ու անձնային բոլոր անհրաժեշտ կարողությունները», ասաց նա։