Զարդենի

Անձրևաջրերի հավաքման և ստորերկրյա ջրերի հարստացման համակարգի ստեղծում

Վերջերս «Զարդենի» թիմը դարձավ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon* մրցույթի Ինկուբացիայի առաջին փուլի 15 հաղթողներից մեկը։ «Մեզ համար այս փուլը շատ կարևոր էր աշխատանքը գործարկելու համար: Այն մեզ հնարավորություն տվեց ավելի մեծ ցանց ձեռք բերել մեր գաղափարի վրա պրոֆեսիոնալ կերպով աշխատելու համար։ Մասնակցելով մենք մեծ ծավալի հետազոտություններ իրականացրեցինք, ուսումնասիրեցինք տեխնոլոգիան, կատարեցինք, ֆինանսական հաշվարկներ, նաև սկսեցինք ավելի լայն մտածել։ Չէ՞ որ լուծելով մեր ջերմատան խնդիրը մենք կարող ենք օգտակար լինել նաև ուրիշներին», - ասաց թիմի ղեկավար Արփինե Գալֆայանը։

2021թ-ի գարնանը չորս երիտասարդ ձեռներեց կանանց կողմից ստեղծված թիմը Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոցին կից հիմնեց ջերմատուն դասարան, որտեղ նրանք սկսեցին աճեցնել բարձրարժեք ուտելի ծաղիկներ ու դպրոցականներին առաջարկել ոչ-ֆորմալ կրթություն՝ բնապահպանության, բույսերի աճեցման, ձեռներեցության և առաջնորդության թեմաներով։ Ջերմատունը կառուցվել է Դասավանդի՛ր Հայաստան հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված Կայծ սոցիալական նորարարությունների ինկուբատորի ֆինանսավորմամբ։

Նախաձեռնության իրականացման առաջին իսկ պահից պարզ դարձավ, որ տարածաշրջանում գոյություն ունի ջրի սակավության լրջագույն խնդիր։ Բանն այն է, որ Դարբնիկ գյուղի, ինչպեսև Արարատի մարզի այլ բնակավայրերի համար, թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրի հիմնական աղբյուրը Արարատյան արտեզյան ավազանն է, որը գերշահագործվում է ձկնաբուծարանների պատճառով։

Այս կարևորագույն հարցին լուծում տալու համար թիմը սկսեց իր ուսուսմնասիրությունները։ Ջրի անկախ և այլընտրանքային համակարգը Հայաստանի համար նորարարական գաղափար լինելուց բացի, կարող էր էականորեն թեթևացնել գյուղատնտեսների և տնային տնտեսությունների դժվարությունները՝ հատկապես ամառային, չորային ամիսներին։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի շատ շրջաններում, մասնավորապես Արարատյան դաշտում, Արմավիր, Շիրակ և Կոտայք մարզերում գյուղատնտեսության և կենցաղային կարիքների համար ջրային ռեսուրսներն անբավարար են կամ արդարացի չեն բաշխվում։ Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ իրավիճակը գնալով է՛լ ավելի է սրվելու։ Չորային ամիսները գնալով ավելանում են, տեղումները դառնում են ավելի առատ, բայց կարճատև, ինչի հետևանքով ջրերը սրնթաց են հոսում՝ չհասցնելով ներթափանցել ստորերկրյա ավազան։ Բացի այդ, ջրամատակարարումը ոչ միշտ է վստահելի: Հատկապես ոռոգման մեծ կարիք ունեցող ամռան ամիսներին շատ ֆերմերային տնտեսություններ ջուր չեն ունենում կամ եղած ջուրը արդարացի չի բաշխվում։

Այսպիսով ծնվեց թիմի ստարտափ գաղափարը, որը ենթադրում է անձրևաջրերի հավաքում և պահեստավորում՝ ոռոգման և կենցաղային կարիքների օգտագործման նպատակով, ինչպես նաև ավելացած ջրի ուղղում՝ ստորերկրյա ջրային ավազան։

Հետագայում պարզ դարձավ, որ տվյալ տեխնոլոգիան պահանջում է տեղայնացում ու պրոֆեսիոնալ մոտեցում։ Օրինակ՝ անհրաժեշտ էր իրականացնել տեղումների քանակի ու առատության, առկա ծածկապատ մակերեսի ծավալի, չոր սեզոնին անհրաժեշտ ջրի ծավալի հաշվարկներ, որոշել պահեստավորման տեսակը և այլն։

Թիմն անցավ գործի։ Կազմվեց նախագիծ, ըստ որի մեկ տարվա ընթացքում նախատեսվում է (1) շարունակել ուսումնասիրել տարբեր երկրների ու համայնքների փորձը, որոշելով Հայաստանում տվյալ տեխնոլոգիայի առավել ծախսարդյունավետ ներդրման տարբերակը; (2) կատարել տարատեսակ հաշվարկներ՝ մշակելով տեխնոլոգիայի մի քանի տարբերակներ, որոնք հարմար կլինեն որոշակի տիպի և ծավալի շինությունների պարագայում; (3) Դարբնիկ գյուղի դպրոցին հարակից ջերմատան-դասարանի համար կառուցել համակարգ, որպես առաջին փորձնական օրինակ; (4) վերապատրաստել թիմի անդամներին, ինչպես նաև ստեղծել նախագծողների և վարպետների սեփական թիմ։ Այդ նպատակի համար թիմը պատրաստվում է իրականացրել անհրաժեշտ տեխնիկա ու որակյալ ծառայություններ ունեցող շինարարական ընկերությունների քարտեզագրում։

Դարբնիկում նախագծի նախատիպը գործարկելուց և այն կատարելագործելուց հետո, տեխնոլոգիան նախատեսվում է փորձարկել 1500 քմ-ից ավելի մեծ տարածք ունեցող ջերմատան, բազմաբնակարան շենքի ու հյուրանոցի պարագայում։ Զուգահեռ կպատրաստվեն տեղեկատվական նյութեր՝ տեխնոլոգիյաի տարածման նպատակով։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի շատ շրջաններում, մասնավորապես Արարատյան դաշտում, Արմավիր, Շիրակ և Կոտայք մարզերում գյուղատնտեսության և կենցաղային կարիքների համար ջրային ռեսուրսներն անբավարար են կամ արդարացի չեն բաշխվում։ Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ իրավիճակը գնալով է՛լ ավելի է սրվելու։ Չորային ամիսները գնալով ավելանում են, տեղումները դառնում են ավելի առատ, բայց կարճատև, ինչի հետևանքով ջրերը սրնթաց են հոսում՝ չհասցնելով ներթափանցել ստորերկրյա ավազան։ Բացի այդ, ջրամատակարարումը ոչ միշտ է վստահելի: Հատկապես ոռոգման մեծ կարիք ունեցող ամռան ամիսներին շատ ֆերմերային տնտեսություններ ջուր չեն ունենում կամ եղած ջուրը արդարացի չի բաշխվում։

Տվյալ նախագիծը կարող է կիրառվել հիմնականում ջերմատնային տնտեսություններում կամ այն գյուղացիական տնտեսություններում, որոնք ունեն կտուրով կամ ծածկով պատված որոշակի մակերես։ Այս ծածկապատ մակերեսից տեղումնառատ ամիսներին անձրևաջուրը հավաքելով կարելի է այն պահեստավորել՝ չորային ամիսներին օգտագործելու նպատակով։ Այդպիսով տնտնեսությունները ձեռք կբերեն որոշակի անկախություն ջրամատակարարումից: Նախագիծը կարող է օգտակար լինել նաև քաղաքային տարածքներում։ Առատ տեղումների ժամանակ հնարավոր կլինի նվազեցնել հեղեղումները՝ անձրևաջրերը կարող են պահեստավորվել և օգտագործվել կենցաղային կարիքների և քաղաքային կանաչ տարածքների ոռոգման համար։ Որոշ քաղաքներում չկա շուրջօրյա ջրամատակարարում։ Նման դեպքերում հավաքված անձրևաջուրը նույնպես կարող է օգտագործվել: Հավաքված ջրի ավելցուկը կարելի է ուղղել ստորերկրյա ջրային ավազան՝ հատուկ, բնական համակարգի միջոցով։

Ջրի բարձրացող գնի և կլիմայական անբարենպաստ փոփոխությունների պայմաններում այս նախագիծը կարող է փրկօղակ դառնալ տասնյակ հազարավոր մարդկանց համար։ Այն կարող է նաև խթանել որոշ պարզ տարաների ու նյութերի տեղական արտադրությունը, որն ավելի մատչելի կդարձնի համակարգի տեղադրումը, հաշվի առնելով, որ համակարգի պահպանման ծախսերը չնչին են, իսկ գործողության ժամկետը տևական։

«Մեր նախագիծը բխում է իրական կարիքից և հիմնված է մեր իսկ փորձի վրա։ Շահույթից առավել մենք կարևորում ենք մարդկանց կյանքի վրա դրական ազդեցությունն ու բնության պահպանումը», - զրույցի ընթացքում ասաց Արփինե Գալֆայանը։

Ավելացնենք, որ «Զարդենի» թիմի անդամներն ունեն տարիների փորձառություն՝ ծրագրերի կառավարման, բնապահպանության, գյուղատնտեսության և ագրոօդերևութաբանության ոլորտներում։

Թիմի անդամներ՝ Արփինե Գալֆայան (թիմի ղեկավար), Նելլի Առաքելյան, Քնարա Տեր-Հովհաննիսյան

Ստարտափի գործունեության հասցե` Գ.Դարբնիկ, Արարատի մարզ

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP

Ընտրացանկ
hyARM