Ագրոճամբար ուսումնական կենտրոն

«Ագրոճամբար» ուսումնական կենտրոնը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում: Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին: «Ագրոճամբար ուսումնական կենտրոնը հրաշալի և կարևոր հավելում է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման համար: Այն կհարստացնի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաև երիտասարդ մասնագետների գյուղատնտեսության և ագրոբիզնեսի հետ կապված մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները», - բացման արարողության ժամանակ ասաց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

     

Ագրոճամբարը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող Նորարարական գյուղատնտնեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ գործակցությամբ։ Ուսումնական կենտրոն հիմնելու նպատակով ICARE հիմնադրամն իրականացրել է ՀԱԱՀ-ի սեփականություն հանդիսացող «Զարթոնք» հանգստավայրի մասնակի վերանորոգումը և բարեկարգել հանգստավայրի հարակից տարածքը։ Ագրոճամբարում նախատեսվում է կազմակերպել ամառային դպրոցներ, տարաբնույթ միջոցառումներ, կարճ դասընթացներ ու հանդիպումներ։ Կենտրոնը ճամբարային ծառայություններ կմատուցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ուսանողների ու շրջանավարտների, ինչպեսև մասնագիտության մեջ կատարելագործվել ցանկացող կամ ներկայում գյուղատնտեսության ոլորտում ներգրավված երիտասարդ մասնագետների համար: Բացի այդ, Ագրոճամբար պարբերաբար կհրավիրվեն ագրոձեռներեցներ Հայաստանի տարբեր մարզերից՝ նորարարական գիտելիքներ ու հմտություններ ստանալու նպատակով, ինչը կնպաստի մասնակիցների բիզնեսների ընդլայնմանն ու իրենց արտադրանքի բազմազանեցմանը:

Բացումից կարճ ժամանակ անց նորաբաց կենտրոնը հյուրընկալեց իր առաջին մասնակիցներին «ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» թեմայով երկօրյա դասընթացի շուրջ` գյուղատնտեսական համագործակցության ամրապնդման և բիզնեսի զարգացման շրջանակում։ Ամրապնդելով ֆերմերների հմտությունները՝ ծրագիրը ձգտում է նպաստել Հայաստանում COVID-19-ի ընթացքում և դրանից հետո տնտեսության վերականգնմանը՝ մասնագիտական օժանդակության և համաներդրումների միջոցով: Մասնավորապես, նախատեսվում է կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների ու ֆերմերների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով աջակցել ՀՀ կառավարության տնտեսական խթանման ծրագրերի հաջող իրագործմանը։

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը չորս տարվա ծրագիր է, որը մեկնարկել է 2020 թվականի մայիսին: Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող ՀԱԱՀ-ի «Զարթոնք» հանգստյան տան շենքի հիման վրա «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնի հիմնումը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի չորս հիմնական ենթանպատակներից մեկն է։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, խթանելով եռակողմ գործակցությունը արտադրության ոլորտի, ուսանողների/երիտասարդ մասնագետների ու ագրոձեռներեցների միջև՝ գործնական և նորարարական գյուղատնտեսական գիտելիքների և հմտությունների ձևավորման միջոցով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM