Կապույտ հապալասի աճեցում հանքային հողերում եւ բարձր լեռնային գոտում

Թեմա՝ Կապույտ hապալասի մշակությունը հանքային հողերում՝ բիոմիկորիզային սնուցման միջոցով

Ուսանողներ՝ Դիանա Սումբուլյան, ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետ, Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա մասնագիտություն, Արտյոմ Գասպարյան ՀԱԱՀ, Ագրոնոմիական ֆակուլտետ, Ջերմատնային ագրոտեխնոլոգիա մասնագիտություն

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառուներ Դիանա Սումբուլյանն ու Արտյոմ Գասպարյանն առաջարկում են աճեցնել կապույտ հապալաս բիոմիկորիզային սնուցման միջոցով՝ բարձր լեռնային գոտում (Շիրակի մարզի Բավրա Գյուղում), ինչպես նաեւ այն ադապտացնել հանքային հողերում աճեցման համար։ Բիոմիկորիզային սնուցման մեթոդը թույլ կտա կրճատել ծախսերը եւ ստանալ համապատասխան հողախառնուրդ՝ կապույտ հապալասի աճեցման համար, որը կնվազեցնի ստացվող բերքի շուկայական արժեքը։

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

Դիաննա. - Կապույտ հապալասի մասին ուսումնասիրություններ սկսել էի կատարել դեռ 2020 թվականից։ Շատ անգամներ որպես բիզնես գաղափար դիմել եմ դրամաշնորհների եւ ունեցել որոշակի հաջողություններ։ Սակայն այն ժամանակ կապույտ հապալասի աճեցումը ես պատկերացնում էի ավանդական եղանակով։ Այդ մասին ես զեկույց էի պատրաստել 2021 թվականին Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված գիտաժողովին ներկայացնելու համար։ Իմ գործընկեր Արտյոմը, ով նույնպես մասնակցում էր այդ գիտաժողովին, առաջարկեց կատարել նոր եղանակով աճեցման ուսումնասիրություն։ Ես պատրաստակամություն հայտնեցի եւ մենք սկսեցինք միասին հետազոտել։ Մասնագիտական խորհուրդներ ստացանք մեր գիտական ղեկավար գ․գ․թ․ դոցենտ Գ․ Գաբրիելյանից, որոնք ծառայեցին իրենց նպատակին։

  • Երբ գործը հասավ գործնական աշխատանքներին, պարզվեց, որ ֆինանսական միջոցները չեն բավարարում։ Արտյոմի առաջարկով դիմեցինք ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին եւ, ստալով ուսանողական դրամաշնորհ, սկսեցինք իրագործել մեր գաղափարը։

Արտյոմ - Երբ մասնակցում էի գիտաժողովին, դեռ չէի ճանաչում Դիանային եւ հապալասի վերաբերյալ շատ քիչ տեղեկություն ունեի։ Երբ Դիանան գիտաժողովի ժամանակ խոսեց ՀՀ-ում հապալասի մշակության մասին, դա ինձ շատ ոգևորեց։ Սկսեցի հետաքրքրվել ու իմացա, թե որքան օգտակար հատապտուղ է հապալասը։ Այն հանգամանքը, որ հապալասն աճում է թթվային հողերում, է՛լ ավելի սրեց իմ հետաքրքրությունը։ Սկսեցի փնտրել այլընտրանքային տարբերակներ, որոնք թույլ կտան հապալասն աճեցնել ոչ միայն թթու, այլ նաեւ հիմնային հողերում, այդպիսով զարկ տալով բարձր լեռնային շրջաններում հապալասի մշակությանը։ Դիանային առաջարկեցի միասին աշխատել այդ ուղղությամբ։

  •  Ես շատ եմ հետաքրքրվում գյուղատնտեսությանը վերաբերող թեմաներով։ Մի օր որոշեցի տեղեկատվություն կարդալ բնության մեջ կատարվող հետաքրքիր գործընթացների մասին եւ անակնկալի եկա, երբ իմացա, որ գոյություն ունի սնկի մի տեսակ, որը սիմբիոզի միջոցով աճում է տարբեր բույսերի հետ, արագացնելով դրանց աճը։ Գլխումս անմիջապես մի միտք առաջացավ, որ այդ սունկը կարելի է համադրել հապալասենու մշակության հետ եւ լուծել վերոհիշյալ խնդիրը։ Մեկ ամիս անց կարդացի ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի ուսանողական դրամաշնորհային ծրագրի մասին։ Դիանային պատմեցի իմ գաղափարը եւ առաջարկեցի միասին դիմել։

                 

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։

Դիաննա. - Սկզբում գաղափարն անհավանական էր թվում ու դժվար իրագործելի։ Սակայն այսօր այն արդեն իրականություն է դառնում։ Շուտով մենք կառաջարկենք գյուղատնտեսության մեջ արդյունավետ մշակության նոր տեխնոլոգիա։

Արտյոմ Հետազոտությունը սկսելուց առաջ մի փոքր լարված էի, քանի որ սա իմ առաջին գիտական փորձն էր։ Սակայն ընթացքն այս պահին միանգամայն հուսադրող է։ Ես հույս ունեմ, որ հետազոտության մյուս փուլերն էլ հաջող կընթանան եւ մենք կառաջարկենք հապալասենու արդյունավետ մշակության նոր մեթոդ։

                                                                                                                                                                                                           

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

Դիաննա. - Հետազոտության ընթացքում կատարած ուսումնասիրություններն ու գործնական աշխատանքներն ինձ համար նոր փորձառություն են, որոնք, վստահեմ, հետագայում կծառայեն գյուղատնտեսության զարգացմանն ու նորարարական եղանակներով այլ մշակաբույսերի աճեցման նոր տեխնոլոգիաների հայտնաբերմանը։

Արտյոմ Նախ, ես սովորեցի դրամաշնորհային ծրագրերին դիմելու կանոնները, քանի որ սա իմ առաջին փորձն էր։ Մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ստացա ինձ հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ։

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

Դիաննա. - Ունենալով գիտական միջավայրի բոլոր առավելությունները, մենք հետազոտության ընթացքում խորհրդակցել ենք նաև անհատ ֆերմերների, հապալասի մշակությամբ զբաղվող անհատների հետ։

Արտյոմ Գիտական միջավայրն, անշուշտ, նպաստավոր ազդեցություն է թողնում ցանկացած հետազոտության վրա։ Սակայն մենք, հետազոտության ընթացքում, ուսումնասիրել ենք նաև միջազգային ու տեղական փորձը՝ մեր գաղափարը զարգացնելու նպատակով։

                                                   

Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

Դիանա․ Ներգրավված լինելով նաեւ այլ հետազոտական աշխատանքներում, ես մշտապես հետեւում եմ նորարարական լուծումներով տեխնոլոգիաների զարգացման ընթացքին։ Հույս ունեմ, որ իմ հետազոտություններն ու գիտական հոդվածները եւս կծառայեն հետագա սերունդներին։

Արտյոմ Ոգեւորիչ է, երբ քեզ երիտասարդ գիտնական ես զգում։ Հետազոտության հաջող ավարտը լավ շարժառիթ կդառնա իմ սիրելի ոլորտում նոր հետաքրքիր հետազոտություններ կատարելու համար։ Կարծում եմ ես շատ գիտական աշխատանքներ կունենամ ապագայում եւ իմ պարտքը կհամարեմ կատարածս հետազոտությունները ծառայեցնել հայրենիքիս եւ մարդկությանը։

- Ինչպես ասել է Ա․Պ․Չեխովը՝ «Մեր գործն է՝ սովորել ու սովորել, ձգտել կուտակել հնարավորին չափ գիտելիքներ, որովհետեւ հասարակական լուրջ հոսանքներն այնտեղ են, որտեղ գիտելիքներն են եւ ապագա մարդկության երջանկությունը միայն գիտելիքներում է»։

 

Ղեկավար՝ Գ․Գաբրիելյան, գ․գ․թ․, դոցենտ ՀԱԱՀ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։

#AGRICAMP #Research_and_Development

Ընտրացանկ
hyARM