SAVAR-նել երազում և արթմնի

Մեծ հաջողությունների կարելի է հասնել նույնիսկ փոքր գյուղում, եթե կարող ես SAVAR-նել երազներում ու երազանքդ վերածել նպատակների:

Վարդանը՝ SAVAR-ի հիմնադիրը, մանկուց սիրել է երազել։ Մեծանալով Հայաստանի հին ու բերքառատ գյուղերից մեկում՝ Ռինդում, որն առանձնանում է իր գեղատեսիլ բլուրներով և խաղողի դարավոր այգիներով, նա երազում էր իր գյուղի անունը հայտնի դարձնել ամբողջ աշխարհում և հավատում էր, որ այսօրվա երազանքը վաղ թե ուշ իրականություն է դառնալու։

Ռինդն ու Աղավնաձորը, ուր 1350 մետր բարձրության վրա գտնվում են SAVAR գինիների այգիները, տալիս են հայկական գինեգործությանը բնորոշ էնդեմիկ խաղողի տեսակներ՝ Արենի, Խաթուն խարջի, Ոսկեհատ, Թոզոտ, Կախեթ և այլն։ Տարածաշրջանի գեղատեսիլ սարերը, սարյանական գույներով բնությունը, խաղողի այգիներն ու գինին կարծես ինքնին տրամադրում են խորհել ու երազել։

   

«Մի քանի տարի առաջ, երբ գինեգործությամբ զբաղվելը դեռ միայն մեր մտքում էր Վարդան քեռուս հետ մտածում էինք, թե ինչպես իրականացնենք այդ գաղափարը, երկուսս էլ նույն կարծիքին էինք, որ գինեգործարանը պետք է կառուցվի Ռինդում՝ գյուղը զարգացնելու համար ու համագյուղացիներին ցույց տալու, որ նույնիսկ փոքր համայնքում հնարավոր է հասնել մեծ նպատակների»։ SAVAR-ի գործադիր տնօրեն Նելլի Աբրահամյանն իր այս խոսքն ասաց SAVAR գինիների հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում՝ ս․թ․ նոյեմբերի 3-ին։

Բացման արարողության վայրի ընտրությունը պատահական չէր։ Սարյանն էլ երազել գիտեր։ Դրա մասին են վկայում մեծ վարպետի կտավները, որոնք ստիպում են վեր խոյանալ առօրյայից և սավառնել, ներդաշնակվելով մայր բնության ու տիեզերքի հետ։ Ասում են նաև, որ Սարյանը գինու մեծ գիտակ էր և համարում էր այն ազնվական ըմպելիք։

 

Երեկոյի հյուրերը վայելեցին SAVAR-ի կարմիր և սպիտակ անապակ գինիները (2021թ․ վինտաժ) և վարդագույն անապակ գինին (2022թ․ վինտաժ)։

Գինեգործարանի այսօրվա հաջողությանը նպաստել է նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ICARE հիմնադրամի ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա և ընկերությանը ներգրավելով արտահանման ընդլայնմանն ու նոր շուկաների գրավմանը միտված գործընթացներում։

Թվում է, թե այս հիշարժան օրվան հասնելու համար, SAVAR-ի հիմնադիրները երկար ճանապարհ են անցել։ Սակայն դա միայն սկիզբն է այն նվիրական ուղու, որը նշմարվեց հայրենի գյուղը զարգացնելու և շենացնելու նպատակի շնորհիվ։

Հայաստանի գինեսերների սրտերը գրավելուն զուգահեռ, SAVAR-ը՝ միանալով Ռինդում արդեն ներդրումներ կատարող գործընկերներին, այսօր փորձում է դուրս գալ միջազգային շուկա, հանրահռչակելով Հայաստանի Վայոց Ձորի սարերում ծվարած Ռինդ գյուղն ու նրա խաղողի այգիները։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում կազմակերպված գինու համտեսի արարողությունը՝ գինու միջազգային լրագրողների, սոմելյեների ու գինու մասնագետների մասնակցությամբ, SAVAR գինիները աշխարհին ներկայացնելու լրջագույն խթան էր։

Մեկ այլ մարտահրավեր էր նաև ծրագրի աջակցությամբ ընկերության մասնակցությունը օրերս տեղի ունեցած IWSC 2024 կովկասյան գինիների մրցույթում։ Հայաստանից ներկայացված 60 տեսակի գինիներից 22-ը այդ մրցույթում շահեցին մեդալներ, որոնցից երկուսը՝SAVAR-ի կարմիր և սպիտակ գինիներն էին։

     

Վարդան Սահակյանին ճանաչողները գիտեն, որ կյանքի դժվարությունները նրան երբեք չեն ընկճել։ Իր խանդավառությամբ նա կարողացավ ոգեշնչել նաև իր զարմուհուն՝ Նելլիին, ով նոր էր սկսել իր կարիերան մարքեթինգի ոլորտում և ազատ պահերին աջակցում էր Վարդանին՝ կայացնելու գինու բիզնեսը։

Երբ ընկերությունն ընդլայնվեց, Նելլին ուրախությամբ ընդունեց Վարդանի առաջարկը և դարձավ SAVAR-ի գործադիր տնօրեն։ Այժմ, իր նոր պաշտոնին զուգահեռ, նա սովորում է ICARE հիմնադրամի EVN գինու ակադեմիայում։

Ինչպես Վարդանը, Նելլին նույնպես հավատում է, որ քրտնաջան աշխատանքն ու նվիրվածությունը կարող են երազանքն իրականություն դարձնել։

Իսկ մենք չենք հավատում, մենք պարզապես գիտենք, որ շատ շուտով դառնալու ենք SAVAR գինիների նոր վերելքների ականատեսը։

Ընտրացանկ
hyARM