Ծրագիրը կնպաստի առկա տնտեսական գենդերային բացի վերացմանը, բարձրացնելով գյուղատնտեսական նորարարական լուծումների և տեխնոլոգիաների հասանելիությունը, ինչը կնպաստի Հայաստանում գյուղատնտեսության բնագավառում արտադրողականության բարելավմանը և տնտեսական զարգացմանը։
Կին ֆերմերների և ագրոձեռներեցների կարողությունների զարգացում Ելնելով գյուղատնտեսության ոլորտում նորագույն ու նորարարական լուծումների վերաբերյալ կարիքների գնահատման արդյունքներից` ծրագիրը կմշակի արտադրողականության արդյունավետությանը և գյուղատնտեսական նորարարություններին կանանց հասանելիությանը նպաստող վերապատրաստման մի շարք մոդուլներ: Այդ մոդուլներով կանցկացվեն դասընթացներ՝ ագրոձեռներեց կանանց, կին ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:
«Ագրիթոնների» կազմակերպում՝ նորարարական արտադրանք և ծառայություններ գեներացնելու ու մասշտաբավորելու համար. Ծրագիրը կկազմակերպի «Ագրիթոններ»՝ մրցույթ և յուրահատուկ հարթակ, որը կմիավորի գյուղատնտեսության մասնագետների, կին ագրոձեռներեցների, ծրագրավորողների, ինժեներների և այլ մասնագետների՝ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության և պահանջարկի խթանման ու նոր լուծումների հայտնաբերման նպատակով: Ստեղծագործ և խթանող մթնոլորտ ապահովող այս մրցույթ/հարթակը հնարավորություն կտա Հայաստանի տարբեր վայրերից ժամանած թիմերին, որոնց գաղափարներն ուղղված են նորարարական լուծումներով գյուղատնտեսության ոլորտի արտադրողականության խթանմանն ու գյուղատնտեսության ոլորտի առկա մարտահրավերների հաղթահարմանը՝ մենթորների և փորձագետների ղեկավարությամբ կատարելագործել իրենց գաղափարները, արտադրանքը կամ ծառայությունները: Առավել նորարարական, ստեղծագործական, արդյունավետ և կայուն արտադրանքներն ու ծառայությունները կստանան ֆինանսավորում` զարգացման և խթանման համար:
Հետազոտությունների մեջ ուսանողների ներգրավվածության խթանում Ծրագիրը կնպաստի ուսանողների ներգրավմանը գյուղատնտեսական հետազոտությունների մեջ` ՀԱԱՀ ուսանողներին տրամադրելով մասնագիտական ուղղորդում և հետազոտական փոքր դրամաշնորհներ: ՀԱԱՀ-ի անձնակազմի խորհրդատվությամբ ուսանողներն իրենց հետազոտությունները կանցկացնեն ԱգրիՀԱԲ-ի, ՀԱԱՀ-ի ցուցադրական ջերմոցի, ինչպես նաև ICARE-ի և ՀԱԱՀ-ի այլ ուսումնական տարածքներում:
«ԱգրիՀԱԲ» հարթակի հիմնում և զարգացում. «ԱգրիՀԱԲ»-ը ստեղծագործական հարթակ և արտադրամաս է՝ գյուղատնտեսական և ագրոտեխնոլոգիական արդի գաղափարների, արտադրական նախատիպերի, ինչպես նաև արտադրանքի ու ծառայությունների ստեղծման, զարգացման ու առաջխաղացման համար: Այն նաև ծառայելու է որպես գործնական պարապմունքների և համապարփակ դասընթացների ուսումնական կենտրոն ու արտադրամաս՝ Հայաստանի երիտասարդների համար, ովքեր ցանկանում են սովորել և փորձարկել արդի գյուղատնտեսական տեխնոլոգիաները։
Բացի այդ, այս հարթակը կօգնի խթանել կանանց ներգրավվածությունն ու առաջնորդությունը ագրոտեխնիկական հետազոտություններում, նորարարություններում և ձեռներեցության ոլորտում: «ԱգրիՀԱԲ»-ը տեղակայվելու է ICARE-ին պատկանող շինություններում և հարակից գյուղատնտեսական հողամասում, որը գտնվում է Երևանի մերձակայքում՝ Պռոշյան համայնքում: