Ուսանող՝ Սարգիս Գևորգյան, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ, գերմանալեզու Ագրարային մենեջմենթ մասնագիտության մագիստրատուրա, 1-ին կուրս։
Թեմա՝ Գետնանուշի կարագով պատրաստված վաֆլիներ
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Սարգիս Գևորգյանը ցանկանում է, որ երեխաները առողջ սնվեն և աշխարհից սովը վերանա։
Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։
- Որպես բակալավր ես ունեմ մանկական սննդի, կաթնամթերի տեխնոլոգի մասնագիտացում։ Բանն այն է, որ ավանդական կենդանական ծագման կարագով պատրաստված վաֆլիները երեխաների նախաճաշի համար եղել և շարունակում են լինել պահանջված սնունդ, սակայն կարագի բարձր յուղայնությունը նպաստում է գիրացմանը և ավելորդ քաշին, ինչը ժամանակակից աշխարհում լուրջ խնդիր է։ Մտածեցի, որ կարելի է որպես այլընտրանք առաջարկել գետնանուշի կարագով պատրաստված վաֆլիներ, որոնք հետաքրքիր կլինեն թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։
- Դիմելով ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի Հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթին, հնարավորություն ստացա իրականացնել իմ գաղափարը։ Հետազոտության արդյունքում արդեն իսկ պարզ է նաև տվյալ արտադրանքի տնտնեսական շահավետությունը։
Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները:
Մենք իրականացրել ենք երկու տեսակի վաֆլիների պատրաստման փորձ, մեկը՝ խանութից գնված գետնանուշի կարագով, մյուսը՝ տնային պայմաններում պատրաստված գետնանուշի կարագով։ Ես կարծում էի, թե խանութից գնված գետնանուշի կարագով պատրաստված վաֆլին ավելի բարձր էներգետիկ արժեք կունենա, սակայն պարզվեց, որ դա այդպես չէ:
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։
- Սա դրամաշնորհային ծրագրին դիմելու իմ առաջին փորձն էր և այն հաջողվեց։
- Հետազոտության ընթացքում ես անընդհատ մի նոր բան եմ սովորում, չնայած, որ սա իմ առաջին գիտական հետազոտությունը չէ։
Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։
- Համալսարանում բացված լաբորատորիաներն ու մեր համալսարանի աշխատակիցները մեծապես նպաստել են հետազոտության ողջ ընթացքին։ Շատ հաճելի է աշխատել, մտորել ու ստեղծագործել այսչափ բարենպաստ պայմաններում։ Մենք շրջապատված ենք փորձառու մասանգետներով, որոնք միշտ մեր կողքին են, պատրաստակամորեն օգնում ու ուղղորդում են մեզ։
Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։
- Ենթադրում եմ, որ այս հետազոտությունը հետագայում կարող է լավ բիզնես գաղափար դառնալ։
- Սակայն, եթե ես որոշեմ մշտապես զբաղվել գիտությամբ, ապա իմ աշխատանքների մեծ մասը միտված կլինեն ոչ միայն նոր լուծումներով և տնտեսապես ձեռնտու ու որակյալ սննդատեսակների ստեղծմանը, այլ նաև սննդի թափոնների կառավարման ուսումնասիրմանը։
#AGRICAMP #Research_and_Development
Ղեկավար՝ Զարուհի Հովեյան, գիտաշխատող, ՀԱԱՀ
ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։